Այսօր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի նկատմամբ այդպես էլ չի կայացվել որոշում, կա միայն դրա նախագիծը, որը Առաքել Մովսիսյանին ուղարկվելուց հետո կհրապարակվի դեկտեմբերի 1-ին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էթիկայի հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
«Որոշում այս պահին չի կայացվել, որովհետև մենք ունենք տեխնիկական խնդիր, սակայն որոշման նախագիծը պատրաստ է, և այն կուղարկվի պարոն Մովսիսյանին, որպեսզի նա, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եռօրյա ժամկետում ներկայացնի իր առարկությունները, եթե ունի: Եվ դեկտեմբերի 1-ին էթիկայի հանձնաժողովը նիստ կգումարի ու կհրապարակի որոշումը»,- ասաց էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը՝ հավելելով, որ պատգամավորները մեկ այլ պատգամավորի վերաբերյալ չեն կարող ներկայացնել այնպիսի եզրակացություն, որը ԱԺ կանոնակարգ-օրենքից դուրս է, և որ էթիկայի հանձնաժողովը ո'չ դատարան է, ո'չ գլխավոր դատախազություն:
Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը սպառնացել էր գլխատել կամ բռնաբարել նրանց, ովքեր կհամարձակվեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ թույլ տալ։