ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հափշտակության փորձ կատարած անձի ինքնությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել է բացել Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող ավտոտնակներից մեկի երկրորդ հարկում կառուցված շինության պատուհանը, սակայն իր կամքից անկախ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել. պատուհանը բացելու ընթացքում միացել է ազդանշանային համակարգը, որից հետո նա դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության ընթացքում ստացվել են դիտարկվող հասցեում տեղադրված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնցում երևում է հանցագործության դրվագը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրությունում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսագրությունում երևացող անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրվում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: