Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՀՀ-ում 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բնակվում է 3 միլիոն 10 հազար 600 մարդ՝ հավելմամբ, որ նրանց 25-30 տոկոսը կազմում են մինչև 18 տարեկան, այսինքն` ընտրելու իրավունք չունեցող ՀՀ բնակիչները, ինչը նշանակում է, որ 18-ից բարձր ընտրողների թիվը կարող է կազմել 70-75 տոկոս, ինչն էլ նշանակում է, որ ընտրողների թիվը պետք է լինի 2 միլիոն 197 հազար 238 քաղաքացի: Այս մասին այսօր քննարկման ժամանակ ասաց Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Այս ցուցանիշը համեմատելով ոստիկանության հրապարակած տվյալների հետ՝ ստացվում է, որ բնակչության թվի տարբերությունը կազմում է 358228»,- ասաց նա:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն էլ նշեց, որ բնակչության պետական ռեգիստրը վարող մարմինը ոստիկանությունն է, ԱՎԾ-ն չի կարող համարվել ռեգիստր:
«Տեղի է ունենալու համապետական ընտրություն, և բոլորս՝ որպես շահագրգիռ մարմին, պետք է գործենք օրենսդրությամբ նախատեսված կարգով: Եթե համեմատենք ոստիկանության և ԱՎԾ-ի թվերը՝ բնակչության մոտ հարց է առաջանում՝ պետական երկու լիազորված մարմիններն իրավասություն ունե՞ն երկու տարբեր տվյալներ հրապարակելու»,- ասաց Բիչախչյանը և հետաքրքրվեց ՝ եղե՞լ է դեպք, երբ քաղաքացին անձնագիր ստանալու համար անձնագրային ծառայության փոխարեն հաշվառվի ԱՎԾ-ում:
Նա շեշտեց, որ ԱՎԾ-ն բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմին չէ:
«Ուղղակի զավեշտալի ու ծիծաղելի կթվա: Հիմա հարց է առաջանում՝ անձը, որ գնա հաշվառման, գնալու է Վիճակագրական ծառայությունո՞ւմ հաշվառվելու, թե՞ Անձնագրային վարչությունում»,-ասաց ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության պետը: