ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքիյան փողոցի վրա գտնվող տարածքում հայտնաբերվել է թատերագետ Լևոն Մութաֆյանի դին:
Մեր տեղեկություններով՝ թատերագետի դին հայտաբերվել է «Աստորիա» հյուրանոցում:
Նախնական զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Լևոն Մութաֆյանը ծնվել է 1954թ. հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում:
Նրա գրած «Ուրախ ճամփորդություն», «Աղավնին», «Օրորցային երկուսի համար» պիեսները բեմադրվել են տարբեր թատրոններում: Հայերեն է թարգմանել Չեխովի, Լորկայի, Մյուսեի, Բուլգակովի, Գոլդմանի, Գորկու, Պտուշկինայի, Կունիի, Պավլովսկու պիեսները: Հեղինակել է տպագրված 25 գիրք, գրել է առաջաբաններ, հրատարակել 20 գիտական հոդված: Հայկական հանրագիտարանի արվեստի գիտաճյուղային խորհրդի անդամ է:
2007թ. ընտրվել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության քարտուղար և արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Արժանացել է նաև «Արտիստ» մրցանակի: Հայաստանի գրողների և թատերական գործիչների միության, Ազգային թատերական ստեղծագործական միավորման անդամ է:
Պարգևատրվել է «Գրական վաստակի համար» մեդալով: Ընտրվել է Բնության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: 2013-14թթ եղել է «Թատրոն Իքս» թատերական փառատոնի մասնագիտական խորհրդի նախագահը:
2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության ոսկե մեդալի:
«Analitik.am» լրատվականը խորապես ցավակցում է Լևոն Մութաֆյանի հարազատներին և ընկերներին: