Վերլուծական գլխավոր 

40 համայնք կմնա առանց ջուր. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Վերջերս Գառնին դարձել է կռվախնձոր: Հեթանոսական տաճարի հարակից տարածքում կառուցվող սրճարանի համար պայքարելուց դեռ գլուխները չբարձրացրած մի պատուհաս էլ վրա հասավ՝ խոսքը Քաղցրաշենի ծրագրի մասին է, որով նախատեսվում է կառուցել ջրընդունիչ:

Այն պետք է 900լ/վրկ քանակությամբ ջուր հասցնի Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղեր: Ծրագրի իրականացման արդյունքում այդ գյուղերն ապահոված կլինեն ինքնահոս ոռոգման ջրով: Իսկ ի՞նչ կունենանք արդյունքում, ի՞նչ կշահեն դրանից Գառնի եւ մնացած 39-ը համայնքները, որոնց համար Ազատի ջրամբարը կյանքի կենարար աղբյուր է:

Նշենք, որ Ազատի ջրամբարը տեղակայված է Ազատ գետի միջին հոսանքում՝ Լանջազատ գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։Մակերեսը 2.85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Ազատի ջրամբարից սնվում են Արարատի, Կոտայքի մարզերը եւ Երեւան քաղաքում գործող 4 ջրօգտագործող ընկերություններ, այսինքն կա ջուր սպառող շուրջ 39 համայնք եւ ընկերություններ: Նրանց շահերն արդյոք հաշվի են առնվել Քաղցրաշենի ծրագրում:

Նախքան շահերը հաշվի առնելը նշենք, որ գետում մի քանի անգամ կատարել են ջրաչափման աշխատանքներ, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ ջրի ամենապահանջված ամիսներին (հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր) Ազատ գետում անհրաժեշտ քանակի ջուր չկա, ուստի պահանջված ջրաքանակը վերցնելուց հետո հնարավոր չէ գետում պահպանել օրենքով նախատեսված 850 լ/վրկ քանակությամբ բնապահպանական թողքը: Բացի այդ, տարեցտարի նկատվում է ջրի սակավություն, ջրի մակարդակը գնալով նվազում է: Ստորեւ ներկայացված է վերջին մի քանի տարիներին Ազատ գետի ջրատվության մակարդակը: Սա նշանակում է, որ մոտ 40 համայնք այս ծրագրի արդյունքում զրկվելու է ջրից:

Թե որքանով և ո՞ւմ է ձեռնտու ոչնչացնել Ազատի ջրամբարը եւ չորացնելու դրանից սնուցվող գյուղերը, դեռ կանդրադառնանք մեր ապագա հրապարակումներում, սակայն այս պահի դրությամբ մի բան փաստ է, որ այս նախագծի արդյունքում Ազատ գետի հովիտը կհանվի նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի (2000թ.) համաշխարհային ժառանգության ցուցակից:

 

Նույն շարքից