Առողջապահություն Հասարակություն 

Պարզվել է Արարատի մարզի դպրոցականների սննդային թունավորման աղբյուրը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արարատի մարզի Բաղրամյան եւ Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցների սաների  թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության արդյունքում պարզվել է երեխաների թունավորման աղբյուրը։

Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում գործող անհատ ձեռներեցներից մեկը, իրականացնելով հացաբուլկեղենի արտադրություն, մատակարարման պայմանագրերի հիման վրա, Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ եւ մի շարք այլ գյուղերի դպրոցներին սեպտեմբերի 10-ին մատակարարել է հացաբուլկեղեն, որի արտադրության ընթացքում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները։

Նախնական քննության տվյալներով՝  արտադրությունը կազմակերպել է Արարատի մարզի  62-ամյա բնակիչը՝ Գ.Նազարյանը՝ անհատ ձեռներեցի կողմից  01.09.2015թ-ին տրված լիազորագրի հիման վրա։

Լինելով սննդամթերքի անվտանգության համար հիմնական պատասխանատվություն կրող անձ՝ թվով 13 միջնակարգ դպրոցների դեռահաս երեխաների համար պատրաստվող խաչապուրու, գաթայի, կեքսի, բուլկու, կարտոֆիլով կարկանդակի եւ նրբերշիկով հոթ-դոգի արտադրության բոլոր փուլերում սեպտեմբերի 9-ից 10-ը չի իրականացրել վտանգի աղբյուրների վերլուծության եւ հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնների համատեղ կիրառումն ամրապնդող վերահսկողություն:

Արդյունքում՝ արտադրամասում սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները եւ պարագաներն աղտոտման վտանգը բացառող հաճախականությամբ եւ ոչ պատշաճ մաքրման ու ախտահանման ենթարկելու պայմաններում, թույլատրել է արտադրել սպառողների առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող՝ երկրորդային աղտոտվածությամբ՝ ԱՑԽՄ (Աղիքային ցուպիկ) եւ Բացիլուս Ցերեուս (Bacillus cereus) տեսակի մանրէներով ախտահարված հրուշակեղեն, որը 2015 թվականի սեպտեմբերի 10-ին առաքվել է Արարատի մարզի Բաղրամյան եւ Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցներ, որտեղ էլ վաճառվել է 1998-2008թթ. ծնված դպրոցական երեխաներին:

Արդյունքում՝ նշված արտադրամասի կողմից արտադրված եւ մանրէների քանակը գերազանցող հրուշակեղենն ուտելուց հետո շուրջ 5 տասնյակ աշակերտի մոտ ախտորոշվել է սննդային թունավորում եւ սրտխառնուկ, որովայնի շրջանի ցավեր, փորլուծություն, գլխացավ, դող ու ջերմության բարձրացում, եւ այդ կլինիկական հիմնական ախտանշաններով բուժօգնության համար նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Գ.Նազարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (սպառողների առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել եւ իրացնելը, որը զուգորդվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների թողարկմամբ եւ անզգուշությամբ երկու եւ ավելի անձանց առողջությանը վնաս պատճառելով)։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նույն շարքից