Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը կրկին առաջ քաշեց համայնքների խոշորացման գործընթացին վերաբերող հարցեր:
«Դեմ լինելու իմ փաստարկը հետևյալն է՝ չի կարելի խոշորացման գնալ այն պարագայում, երբ Հայաստանում մարդ չի մնացել, երբ շատ գյուղերում առաջին դասարաններ չկան, երբ ֆինանսական միջոցներ չկան: Բացի այդ՝ կան համայնքներ, որոնք երկու-երեք հազար բնակչություն ունեն, մինչդեռ՝ իշխանությունները ցանկանում են դրանք միացնել առանց այն էլ մեծ մեկ այլ համայնքի՝ Դիլիջանին»,- հայտարարեց պատգամավորը:
Արամ Մանուկյանը իշխանություններին հորդորեց զերծ մնալ համայնքների խոշորացման ծրագրից՝ նշելով, որ գաղափարը կարելի է փորձարկել միայն Սյունիքի մարզում:
Հարցի շուրջ արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը և ասաց համայնքների խոշորացման հարցը քննարկման ենթակա չէ, «այն աներկբա» է: «Խոշորացմամբ մենք համայնքների զարգացման լուրջ հնարավորություններ ենք ստեղծում, այս ծրագիրը միանգամայն արդարացված է»,- համոզմունք հայտնեց պատգամավորը` հիշեցնելով, որ համայնքային խոշորոցման գործընթաց չանցած միակ երկիրը շարունակում է մնալ Ֆրանսիան: