Օրեր առաջ Հայաստանում էր գտնվում ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, որի հետ փակ հանդիպման հնարավորություն էին ունել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Փակ հանդիպումից որոշ մանրամասներ շուտով հայտնվեցին լրատվամիջոցներում: Մասնավորապես` խոսքն այն մասին է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Մատվիենկոյին կոչ էր արել ՀՀ իշխանություններին հորդորել՝ ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց:
Այս մասին շատերը կարծիք հայտնեցին, տեղի ունեցածը քննարկվեց սոցիալական ցանցերում և էլեկտրոնային լրատվամիջոցներում: Միանգամից փաստենք` բոլոր կարծիքներն էլ գոյության իրավունք ունեն, խոսքն այս պահին դրա մասին չէ: Մեզ այլ բան էր հետաքրքրում, և մեր հարցերի պատասխանը ստացանք Ազգային ժողովի որոշ պատգամավորների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ զույցներից:
Բանն այն է, որ փակ հանդիպումից ինֆորմացիոն արտահոսքը կազմակերպել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով ոչ վաղ անցյալում սահմանադրական փոփոխություների դեմ պայքարող ամենաակտիվ դեմքերից էր: ԲՀԿ կուսակցության փոշիացումից և քաղաքական այդ տրոհված միավորը իշխանության կցորդ դարձնելուց հետո, Զոհրաբյանին այլ բան չէր մնում, քան ընդունելու առաջարկված խաղի կանոնը` այն է դառնալ սահմանադրական փոփոխությունների մոլի ջատագովներից մեկը: Քաղաքական իրավիճակով պայմանավորված, անշուշտ, կարող է այսպիսի տեղաշարժեր գրանցվել քաղաքականությամբ զբաղվողի վարքաբանության մեջ: Ճիշտ է, դժվար է հասկանալ, թե մեկ օրվա ընթացքում ինչպես Զոհրաբյանը ոչ-ից դարձավ այո-ի քարոզիչ, բայց այնուամենայնիվ, ընտրությունն ու քաղաքական ասպարեզում մնալու ճանապարհը ամեն մեկն իր արժեքային համակարգի ու բարոյականության սահմաններում է ընտրում: Դա չէ, որ ուզում ենք քննարկել: Խոսքը տիկին Զոհրաբյանի կերպարի մասին է առհասարակ: Բանն այն է, որ տիկին Զոհրաբյանը ահագին ջերմ հարաբերություններ ունի Լևոն Զուրաբյանի հետ: Որևե բան առանձնապես տեղի չի ունեցել, որ ԱԺ այս երկու պատգամավորները սկսեն միմյանց դեմ պայքարել կամ որ ավելի զզվելի է` դավեր նյութել: Ուստի` անհասկանալի է Զոհրաբյանի երկերսանի կենսակերպը` հարգանքի բացահայտ դրսևորումներ ցուցաբերել Զուրաբյանի նկատմամբ հրապարակային հարթակներում, իսկ ահա տակից գործել նրա դեմ` իր տիրապետության տակ գտնվող լրագրողների ու լրատվամիջոցների օգնությամբ փակ հանդիպման մանրամասները տարածել դրանք կտրելով կոնտեքստից:
Ամենասկզբում տեղի ունեցածի մասին գրեց անհայտ մի կայք, որի տեղեկությունները արժանահավատ եղան միայն այն լրատվամիջոցների համար, որոնց ղեկավարները գիտեին` տվյալ լրատվամիջոցում լրագրող-խմբագրի դեր է կատարում Նաիրա Զոհրաբյանը: Եվ երբ տեղեկատվական հարթակը կասկածի տակ առավ տվյալ լրատվամիջոցի «սլիվը», Զոհրաբյանն անցավ իր պլանի երկրորդ մասին: Նրա «պասով» տեղի ունեցածի մասին ծավալուն հրապարակմամբ հանդես եկավ այլ հայտնի լրատվամիջոց, որի հետ Զոհրաբյանի կապը մեկ ընդատվում է, մեկ էլ` վերականգնվում: Ընդորում` այս փուլում արդեն Զոհրաբյանի ուղղորդմամբ խաղի մեջ մտան հանդիպմանը ներկա որոշ պատգամավորներ` հաստատելով Զոհրաբյանի «սլիվը»: Շատերը պատմեցին այդ հանդիպման մասին, բայց Զոհրաբյանն, ով բացել էր թեման, բավարարվեց գործընկերներին օգտագործելով միայն, իսկ ինքը հրապարակային ոչինչ չասաց:
Շարունակությունը` Newsbook.am