Այսօր՝ նոյեմբերի 12-ին, կառավարության նիստից հետո, ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին բարևեց. ասելով՝ «ողջույն կոլեգա»:
Աշոտյանի խոսքով՝ Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող նախագիծը, որի հաղորդավարը հենց ինքն է, ի սկզբանե նախատեսված չի եղել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի համար:
«Չէինք ակնկալում, որ հետաքրքրությունը այսքան մեծ կլիներ: Եւ նախագիծը նախատեսված չի եղել սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի համար: Այն ընդգրկելու է բազմաթիվ թեմաներ եւ ձգվելու է ավելի երկար»,- ասաց ԿԳ նախարարը:
Անդրադառնալով ընդդիմության մեկնաբանությանը՝ ըստ որի Հայ Ազգային կոնգրեսը քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ ծաղր էր որակել հաղորդումը, Աշոտյանը ասաց.
«Ես շատ եմ ուրախանում, որ տալիս եք ամենադաժան հարցերը, որովհետեւ դա հնարավորություն է ինձ տալիս ներկայացնելու ձեզ եւ հասարակությանը մեր տեսակետը, յուրաքանչյուր հարց ոչ միայն մարտահրավեր է, հնարավորություն արձագանքելու, հիմնավորելու տեսակետը: Պետք չէ խրտնել հարցերից հարցերը բնականաբար կլինեն բավականաչափ սուր, անսպասելի հարցեր եւ հարցերը նպատակ չունեն, կներեք արտահայտությանս, կպնելու, քննադատելու կամ վարկաբեկելու որեւէ մեկին»,- նշեց Աշոտյանը: