Այսօր՝ նոյեմբերի 12-ին «Անալոգայինից թվային հեռարձակման համակարգին անցնելու խնդիրները Հայաստանում» հանրային քննարկման ժամանակ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը ասաց, որ անապահով ընտանիքներին հեռուստատեսային թվային ընդունիչ սարքերի տրամադրման գործընթացում, օրենսդրական բաղադրիչներում չլուծված հարցեր կան, իսկ պետությանը քիչ ժամանակ է մնացել:
«Հեռուստատեսային թվային ընդունիչ սարքերի առաջին խմբաքանակը պետք է առաջիկայում գնվի, սակայն դա ընդամենն առաջին խմբաքանակն է, իսկ ամբողջ բնակչությանն ապահովելու համար 4-5 ամիս է անհրաժեշտ: Բնակչությունն ամբողջապես տեղյակ չէ, թե ինչպես պետք է կատարվի գործընթացը, ինչպես պետք է օգտվել այդ սարքից»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքով՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում մի շարք փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն է տեսնում: Նրա խոսքով՝ եթե օրենքը չփոխվի, հունվարի 1-ից մարզային 10 հեռուստաընկերություն կփակվի, քանի որ օրենքը թույլ է տալիս ամեն մի մարզում մեկ հեռուստաընկերության գործունեություն, իսկ մնացածը պետք է դադարեն գործել:
«Չպետք է թույլ տանք, որ որևէ հեռուստաընկերություն փակվի: Սա կհակասի թվայնացման գործընթացի տրամաբանությանը, քանի որ թվայնացման ժամանակ տեխնիկական հնարավորություններն ընդլայնվում են»,-նկատեց ԽԱՊԿ նախագահը: