Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ`Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին մեղադրանք է ներկայացվել։ Տուլայի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի ժամանակ 9 մարդ է զոհվել, հայտնում է տվյալ մարզի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը։
Ավտոբուսի վարորդը մեղադրվել է «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է 2 և ավելի անձանց մահվան» կետի խախտման համար։ Մամլո ծառայությունն ընդգծել է, որ այժմ ավտոբուսի վարորդն ամբաստանյալ է։
ՃՏՊ-ից հետո տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ։ Ավտոբուսի վարորդին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Ավելի վաղ Տուլայի դատարանն արտոնել էր վարորդին կալանքի տակ առնելը, որում նա կգտնվի մինչև 2016 թվականի հունվարի 3-ը։ Մոսկվայից Երևան մեկնած ավտոբուսում գտնվել է 59 ուղևոր, որոնցից 9-ը զոհվել, իսկ ավելի քան 30-ը տուժել են ՃՏՊ-ի հետևանքով։ Գործնականում բոլոր տուժածները Հայաստանի քաղաքացիներ են։