1990 թ-ից ի վեր աշխարհում մայրական մահացությունը նվազել է 44%-ով։ Այս մասին նոյեմբերի 12-ին հայտնել են ՄԱԿ-ի գործակալությունները եւ Համաշխարհային Բանկի Խումբը:
Հազարամյակի Զարգացման Նպատակների (ՀԶՆ-եր) ձեռքբերման ոլորտում արձանագրված առաջընթացն ուսումնասիրող հաշվետվությունների շարքի ամենավերջինի համաձայն մայրական մահերի թիվը աշխարհում այս տարի 1990 թ.-ի 532 000-ի համեմատ կազմել է մոտավորապես 303 000։ Այսպիսով, համընդհանուր մայրական մահացության մոտավոր հարաբերակցությունը (ՄՄՀ) կազմում է մահվան ելքով 216 դեպք՝ 100 000 կենդանի ծնունդների հաշվով. այս թիվը 1990 թ. կազմել է 385։
Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը 1990 թ.-ից ի վեր նվազել է գրեթե 57%-ով։ Այսպիսով, մոտավոր ՄՄՀ-ը 1990 թ.-ի 58-ի համեմատ կազմում է 25՝ 100 000 կենդանի ծնունդների հաշվով։ Վերջին 20 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը օժանդակել է Հայաստանի կառավարությանը՝ պահպանելու եւ բարելավելու կանանց եւ մանկիկների առողջությունը նախքան ծննդաբերությունը, ծննդաբերության ընթացքում եւ ծննդաբերությունից հետո՝ մշակելով ազգային ռազմավարություն եւ կարգավորող դաշտ երեխաների առողջության եւ սնուցման վերաբերյալ, ինչպես նաեւ մարզային մակարդակում ստեղծելով նեոնատալ (նորածինների) ինտենսիվ խնամքի բաժիններ, բուժաշխատողներին զինելով նեոնատալ խնամքի հմտություններով եւ գիտելիքներով։
Մայրական մահացությունը սահմանվում է որպես կնոջ մահ հղիության, ծննդաբերության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո 6 շաբաթվա ընթացքում։
«ՀԶՆ-երը սկիզբ դրեցին մայրական մահացության կրճատմանն ուղղված աննախադեպ ջանքերի,- ասել է ԱՀԿ Գլխավոր տնօրենի ընտանիքի, կանանց եւ երեխաների առողջության հարցերով օգնական դր. Ֆլավիա Բուստրեոն։ - Վերջին 25 տարիների ընթացքում հղիության հետ կապված պատճառներով կանանց մահանալու ռիսկը գրեթե կիսով չափ նվազել է։ Սա իրական առաջընթաց է, թեպետ ոչ բավարար։ Մենք գիտենք, որ կարող ենք մինչեւ 2030 թ.-ը գրեթե լիովին վերջ դնել այդ մահերին, եւ հանձն ենք առնում աշխատել այս ուղղությամբ»։
«Մայրական մահացության միտումները։ 1990-ից մինչեւ 2015։ ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԲՀ-ի, Համաշխարհային Բանկի Խմբի եւ ՄԱԿ-ի Բնակչության բաժնի մոտավոր գնահատումներ» ուսումնասիրության մեջ պարունակվող վերլուծություններն այսօր հրապարակվում են «Լանսեթ» (The Lancet) բժշկական հանդեսում։
Մինչեւ այս տարեվերջ աշխարհի մայրական մահերի մոտ 99%-ը տեղի է ունեցել զարգացող տարածաշրջաններում. միայն Աֆրիկայի ենթասահարյան երկրներում գրանցվել են 3 մահերից 2-ը (66%)։ Սակայն սա ինքնին խոշոր բարելավում է։ Ենթասահարյան Աֆրիկայում 1990-2015 թթ. տեղի է ունեցել ՄՄՀ 45% նվազում՝ 987-ի փոխարեն 546՝ 100 000 կենդանածինների համեմատ։
Ամենամեծ տարածաշրջանային բարելավումը տեղի է ունեցել Արեւելյան Ասիայի տարածաշրջանում, որտեղ մայրական մահացության հարաբերակցությունը մոտավորապես 95-ից նվազել է 27-ի՝ 100 000 կենդանի ծնունդների հաշվով (անկում 72%-ով)։
1990-2015 թթ զարգացած տարածաշրջաններում մայրական մահացությունը նվազել է 48%-ով՝ 100 000 կենդանի ծնունդների հաշվով 23-ից իջնելով 12-ի։
Նոր «Կանանց, երեխաների եւ դեռահասների առողջության համընդհանուր ռազմավարություն»-ը , որը հրապարակել է ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարը 2015 թ. սեպտեմբերին, նպատակ ունի համընդհանուր ընդգրկմամբ մայրական մահերը 100 000 կենդանածնի հաշվով 70-ից ցածրի հասցնելու հավակնող թիրախը նվաճելուն, ինչպես որ դա ներառված է «Կայուն զարգացման նպատակներ»-ում (ԿԶՆ-եր)։ Այս նպատակին հասնելը կպահանջի ավելին, քան առաջընթացի արագությունը եռապատկելը՝ 1990-2015 թթ. արձանագրված ՄՄՀ-ի 2,3% տարեկան բարելավումից մինչեւ տարեկան 7,5%՝ սկսած հաջորդ տարվանից։