Հասարակություն 

Հվ. Սուդանում ավիավթարի զոհերի մարմինները տեղափոխվեցին Հայաստան

Հարավային Սուդանում նոյեմբերի 4–ին կործանված օդանավի անձնակազմի 5 անդամների մարմիններն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ուշ երեկոյան տեղափոխվեցին Երեւան:

«Զվարթնոց» օդանավակայանում աճյունները տեղափոխող օդանավը դիմավորել են տասնյակ մարդիկ՝ հարազատներ, բարեկամներ, օդաչուների գործընկերները։ Օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 22։35-ին։

Աճյունները Հայաստան են տեղափոխվել Ջուբա-Խարթում-Երեւան չարտերային չվերթով:

Հայրենիք են տեղափոխվել կործանված օդանավի 5 անդամների մարմինները:

Անձնակազմի անդամներն են՝

Հրամանատար Գեւորգ Թովմասյան

Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան

Բորտինժեներ Սամվել Մկրտչյան

Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան

Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան

Անձնակազմում կար նաեւ ՌԴ քաղաքացի, որի մարմինն այսօր նույն չվերթով Երեւանից կտեղափոխվի Մոսկվա:

Հիշեցնենք, որ 2015թ.  նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանվել էր Allied Services Limited ավիաընկերությանը պատկանող բեռնատար ԱՆ-12 օդանավը։  ԱՆ-12-ը վայր է ընկել թռիչքից անմիջապես հետո եւ վնասելով բնակելի շինություններ՝  ընկել է Նեղոս գետը։ Ավիաաղետի հետեւանքով զոհվել է 40 մարդ։

Նույն շարքից