ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) այսօր՝ նոյեմբերի 12-ին Վիեննայում հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։
«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներս ի գիտություն ենք ընդունում Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ։ Մենք կիսում ենք բանաձեւում տեղ գտած մտահոգությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների, ինչպես նաեւ շփման գծի ողջ երկայնքով լարվածության աճի վերաբերյալ։ Մենք խորը ափսոսանք ենք հայտնում մարդկային զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց մահվան դեպքերի կապակցությամբ։
Հակամարտող կողմերը պետք է խաղաղ կարգավորումը արագացնելու անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն։ Մենք վերահաստատում ենք, որ կարգավորումը պետք է հիմնված լինի կողմերի փոխհամաձայնության վրա, ինչպես ընդգծել են Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները իրենց համատեղ հայտարարությունում, եւ վայելի միջազգային հանրության աջակցությունը։
Համաձայն մեր մանդատի՝ մեր խնդիրն է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը, մասնավորապես, խթանել բանակցությունները՝ համապարփակ կարգավորման հասնելու համար։ Մենք նշանակված դատավորներ չենք, ոչ էլ փաստաբաններ:
Հակամարտությունը կարգավորելու համար առաջարկներ են հնչում նոր բանակցային ձեւաչափերի եւ աշխատանքային խմբերի ստեղծման մասին։ Մենք կարծում ենք, որ Մինսկի խումբը միջնորդական առաքելության բացառիկ փորձ ունի։ Մինսկի խմբի ձեւաչափը ընդունելի է կողմերի համար եւ վայելում է ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների լիարժեք վստահությունը։ Հաշվի առնելով բանակցությունների զգայունությունը՝ ձեւաչափը փոխելու փորձերը կամ զուգահեռ մեխանիզմների ստեղծումը կարող են խախտել բանակցային գործընթացը եւ խոչընդոտել կարգավորման առաջընթացը: