Հասարակություն 

Մենք սիրում ենք կյանքը, մենք սիրում ենք ազատություն. Սերժ Սարգսյան

Բոլոր այն մտահոգ խոսակցությունները, թե իբր մեր նոր սերունդը այլասերվում է, պակաս հայրենասեր է, պակաս պատրաստված եւ այլն, մնում են լոկ խոսակցություններ: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, ով այսօր՝ փետրվարի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) 10-րդ հոբելյանական համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել ելույթով:

«Իմ փաստարկը սեփական հողում սեփական քրտինքով արարելու իրավունքն է, իմ փաստարկը Հայոց բանակն է, իմ փաստարկը դուք եք եւ բոլոր այն հայորդիները, ովքեր հենց այսօր պատրաստ են զենք բռնել: Միանգամից ասեմ՝ համոզված եմ, որ դրա կարիքը չի լինելու: Չի լինելու հենց այդ պատրաստակամ կեցվածքի պատճառով, չի լինելու հենց այդ փաստարկի հզորության շնորհիվ: Չի լինելու, որովհետեւ 20 տարեկանը չբոլորած մեր երիտասարդները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել, իսկ երբեմն (չնեղանաք) ավելի լավ, քան մենք:

 

Նա նկատել է, որ ոչ ոք երկրապահներից ավելի խորը չի պատկերացնում պատերազմ կոչվող չարիքը: «Ուրեմն՝ դուք առաջինը պիտի լինեք սառնասրտություն եւ խաղաղություն քարոզելու գործում:


Մենք ուզում ենք ապրել, աշխատել եւ արարել: Մենք ուզում ենք, որ մեզ հանգիստ թողնեն, բայց նաեւ ակնհայտ է, որ տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնելու: Արդեն անցել է գրեթե քսան տարի այն օրվանից, երբ զինադադար հայտարարվեց Այս ընթացքում Արցախը բուժել է իր վերքերի մի էական մասը, ապրում է ու զարգանում, իսկ ներքին ազատության առումով ստանում է ավելի բարձր միջազգային գնահատականներ, քան Ադրբեջանը: Այստեղ Ադրբեջանի իշխանությունները խրոխտ զեկույցների համար նյութ չունեն: Եվ տեսանելի ապագայում չեն ունենալու: Սա է իրականությունը:


Բաքվի ռեժիմին թվում է, եթե մենք չենք թաքցնում մեր կորուստները, մենք թույլ ենք: Նրանց թվում է, եթե մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, մենք թույլ ենք: Նրանց թվում է, եթե մենք բաց հրապարակավ քննարկում ենք մեր երկրում եղած բոլոր դժվար խնդիրները, մենք թույլ ենք:


Նրանք չեն հասկանում, որ հենց դրանում է մեր ուժը: Չեն էլ կարող հասկանալ, քանի որ այդ արժեքներն իրենց հասու չեն:


Հենց դրա համար էլ մենք նրանց պես ողորմելի քարոզչություն վարելու կարիքը չունենք:


Հենց դրա համար էլ մենք հաղթել ենք:


Հենց դրա համար էլ մեր հաղթանակն անշրջելի իրողություն է»,- արձանագրել է Սարգսյանը:


«Դուք ինքներդ վկան եք եղել, թե ինչպես Ադրբեջանը ժամանակին ընկավ իր իսկ քարոզչական ծուղակը՝ գերագնահատելով իր ուժը: Այստեղ նստածներից շատ-շատերը հիշում են, թե ինչպես 90-ական թվականների սկզբներին ով դառնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, իսկ դրանց թիվը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 5-ից ավելին էր, իր պարտքն էր համարում հաջորդ իսկ օրը հայտարարել, որ ինքն անպայման մեկ շաբաթ հետո Ստեփանակերտում թեյ է խմելու: Բայց ի ուրախություն մեզ եւ ի ափսոսանք իրենց, ակնհայտ էր, որ Ստեփանակերտում նրանց որեւէ մեկը չէր պատրաստվում թեյ հյուրասիրել: Որքան էլ զարմանալի է, այսօր մենք վկան ենք նույն ճոռոմախոս քարոզչությանը: Թող շարունակեն, դա, միեւնույն է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Իրականության ոչ օբյեկտիվ գնահատականը որեւէ մեկին լավ բանի չի հասցրել:


Մենք ունենք ծանր փորձություններով անցած հասուն այրեր եւ փայլուն երիտասարդություն: Մենք ունենք ազատ Հայաստան եւ ազատ Արցախ, որ պիտի դառնան ավելի ազատ: Մենք սիրում ենք կյանքը: Մենք ունենք ապրելու, մանավանդ լավ ապրելու մեծ ցանկություն: Եվ իրականություն ենք դարձնելու մեր ցանկությունը եւ հեռուներից հետ ենք բերելու մեր հարազատներին: Ոչ մի մարդասպան չի կարող կասեցնել հայ ժողովրդի հազարամյա երթը: Եղել են կասկածողներ, բայց նրանց նետերն ու նիզակները, փամփուշտներն ու ռումբերը, փողերն ու խարդավանքները բավարար չեն եղել: Վաղն էլ չեն բավականացնելու, որովհետեւ մենք սիրում ենք կյանքը, մենք սիրում ենք ազատություն»,- նկատել է նախագահը:


Ձեզնից յուրաքանչյուրը շատ բան է տվել մեր երկրի, մեր հաղթանակի ու մեր խաղաղության համար, ձեզնից շատերն իրենց կյանքի փորձն են ներդրել բոլորիս հպարտություն Հայոց բանակի կայացման գործում: Փառք ու պատիվ ձեզ դրա համար»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նույն շարքից