Արագածոտնի մարզի Ուշի համայնքում իրապատում նախագծի «Այո» ճակատը ներկայացնող մասնակիցներ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն քաղաքացիների նոր սահմանադրության դրական կողմերը բացատրելուց հետո սկսեցին նարդի ու շախմատ խաղալ քաղաքացիների հետ:
Ռեալիթի շոուի մասնակիցները մտել են նաև խանութներ և հետաքրքրվել նրանց հուզող հարցերի մասին: Աշխատակիցներից մեկը նշել է, որ գյուղում մարդիկ հիմնականում պարտքով են առեւտուր անում, ապա ցույց է տվել պարտքի ցուցակը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ գործող Սահմանադրությամբ Հայաստանը կիսանախագահական երկիր է, սակայն ակնհայտ է, որ ողջ իշխանությունը կենտրոնացված է նախագահի ձեռքում:
«Մեր երկրի նախագահը միշտ ունեցել է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը: Հիմա կա օրինաչափություն, նախագահական ընտրությունների արդյունքում մեկը հաղթում է ու ձեռք է բերում ամեն ինչ: Ընդդիմադիր թեկնածուն, ստանալով հասարակության շատ մեծ մասի վստահությունը, որևէ ազդեցություն չի ունենում դեպքերի վրա: Այս հարցը շտկվում է նոր սահմանադրությամբ»,- ասել է նա:
«Ոչ»-ի ճակատի կողմնակիցների քարոզչության ժամանակ քաղաքացիներից մեկը նշեց, որ իրականում ոչ մեկ ոչ մի բան չի հասկանում նոր սահմանադրությունից:
«Եթե հիմա ման գաս, մեկին չես գտնի, որ ասի հասկանում ա սահմանադրությունից»,-ասաց նա: