Հայաստան Քաղաքական 

Ղարաբաղը չենք հանձնելու. Գալուստ Սահակյան

Այսօր՝ նոյեմբերի 13-ին,  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, թե քննարկվում է ազատագրված որոշ տարածքներ հանձնել Ադրբեջանին, ասաց. «Ո'չ, Ղարաբաղը չենք հանձնելու»:

Գալուստ Սահակյանը նշեց, որ իր համար դեռևս անհնար է խաղաղ ճանապարհով հասնել  ԼՂ կարգավորմանը, քանի որ ադրբեջանական կողմն անընդհատ ձախողում է բանակցային պրոցեսը` հոխորտալով, փորձելով ցույց տալ, որ ինքը պատերազմի հրաձիգ կարող է լինել, ինչը, ըստ Գալուստ Սահակյանի,  իրատեսական չէ:

«Մենք խաղաղ բանակցությունների կողմնակից ենք, առավել ևս` նման խնդիրները պետք է լուծվեն Ղարաբաղի ժողովրդի կամքով: Սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնք ամբողջովին պետք է քննարկման առարկա դառնան»,- ասաց ԱԺ նախագահը:

Այն հարցին, թե ինչո՞ւ ռուսական լրատվամիջոցները սկսեցին շրջանառել տարածքային զիջումների հարցը հենց Լավրովի Հայաստան կատարած այցից հետո, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Որովհետև մեզ մոտ «ոչ»-ի և «այո»-ի ճակատներ կան` 180 աստիճանով իրարից բաժանված, և, փաստորեն, թիրախային են դարձնում ցանկացած բան, որ իբր այս իշխանությունները լուծումներ չեն գտնում: Բայց մասնավորապես այս իշխանությունները հենց Ղարաբաղի համար են, Ղարաբաղի խնդիրները լուծելու համար են: Մեր պայքարը քաղաքական թատերաբեմում, ընտրություններում մեկ հարց է լուծում՝ մենք զգույշ ենք, ամեն ինչ պիտի անենք, որ պատահական իշխանափոխություն չլինի: Որովհետև տալ Ղարաբաղը` նշանակում է Հայաստանը դարձնել պրովինցիալ երկիր: Բագրատյանը հայտարարեց, թե սահմանադրական փոփոխություններն արվում են, որ Ղարաբաղը հանձնեն: Բայց երկար ճանապարհ չունեցավ այս հայտարարությունը: Ցանկացած գործիք օգտագործում են, որ իշխանությունների նկատմամբ բացասական տրամադրություն ստեղծեն: Ո'չ, Ղարաբաղը չենք հանձնելու»:

Նույն շարքից