ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երեւանում տեղի ունեցած մի շարք գողություններն իրականացվել են Վրաստանի քաղաքացիներից բաղկացած կազմակերպված խմբի կողմից։
Նախնական քննության տվյալներով՝ կազմակերպված խմբի երեք անդամների (ազգությամբ վրացի, Վրաստանի քաղաքացիներ) կողմից, ըստ նախապես մշակված պլանի եւ դերաբաշխման, նոյեմբերի առաջին տասնօրյակում գողություն ու գողության փորձեր են իրականացվել Երեւանի տարբեր վարչական շրջաններում։
Քննությամբ բացահայտվել է նույն խմբի կողմից կատարված հափշտակության եւ հափշտակության փորձի 5 դրվագ, որոնցից 4-ը գրանցվել է Քանաքեռ-Զեյթուն, իսկ մեկը՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Ընդ որում, հանցավոր ոտնձգությունից տուժել են հիմնականում կանայք. գողություններն ու գողության փորձերը 4 դեպքում կատարվել են կանանց պատկանող բնակարաններից եւ ավտոմեքենայից։
Քանաքեռ-Զեյթուն եւ Շենգավիթ վարչական շրջաններում տեղի ունեցած նշված 5 դեպքերով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեք անձի մեղադրանք է առաջադրվել 5 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 եւ 2-րդ կետերով (3 դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ)։
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննությունն ապահովելու, խմբի հնարավոր այլ անդամների առկայությունը, նույն խմբի կողմից կատարված հնարավոր այլ հափշտակության կամ հափշտակության փորձերը պարզելու ուղղությամբ։