Շուրջ 14 տարի գործող «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը իր հոգածության տակ է առել Երևանում 100 երեխայի, իսկ Վանաձորում ռոք երգիչ Սերժ Թանկյանի օժանդակությամբ ևս 80–ի, այս մասին Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրվա կապակցությամբ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Երևանում նաև 50 ծերեր առավոտյան նախաճաշելու հնարավորություն են ստանում, իսկ այսօրվանից նաև Վանաձորում առայժմ 10 մեծահասակ նման հնարավորություն կունենա, իսկ հետո նրանց թիվը կավելացվի:
«Տասնչորս տարի առաջ մենք նպատակ չունեինք կազմակերպություն ստեղծելու, պարզապես այդ տարիները դժվարին էին, ու ինձ ու Րաֆֆիին հանդիպում էին երեխաներ ձեռքերը բաց, որոնք իրենց ընտանիքի համար մի կտոր հաց էին վաստակում: Դրանից հետո մենք մտածեցինք, որ գոնե 15 երեխայի կարող ենք կերակրել, տաք անկյուն տալ: Բայց յուրաքանչյուր գործ ունենում է իր ճակատագիրը»,- պատմեց նա:
Արմենուհի Հովհաննիսյանն ասաց, որ կենտրոնում երեխաները ուսուցիչների ու կամավորների միջոցով իրենց տնային աշխատանքներն են անում, տարբեր արհեստներ են սովորում:
«Ունենք երիտասարդներ, որոնք ավարտել են դպրոցը ու չեն սովորում: Իրենց սիրած արհեստի համար որևէ արհեստավորի ենք վարձում, որ իրեն սովորեցնի: Այս գործում 50%-ի հաջողություն ունենք, այսինքն՝ այն երիտասարդները, որոնք սովորում են արհեստ, ուղիղ կեսը կարողանում է իր ապրուստը հայթայթել հենց դրա միջոցով»,-ասաց նա:
Արմենուհի Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենք երեխաներին բացատրում են, որ «Օրրանը» մանկատուն չէ, փակ տարածք չէ և իրենք վերադառնալու են իրենց տուն:
«Երեխայի դաստիարակության վրա մենք փորձում ենք ազդեցություն ունենալ, բացատրում ենք, թե ինչ վատ բան է մուրալը, որպեսզի այդ սովորությունից հրաժարվեն»,– նշեց նա և կոչ արեց բոլորին հնարավորության սահմաններում միշտ օգնել՝ հատկապես երեխաներին:
«Բոլորս «Գիքորը» կարդալիս մտածել ենք, թե ինչու են մարդիկ չար եղել այդ երեխայի նկատմամբ, բայց այսօր մենք հաճախ ենք անտարբեր անցնում նման երեխաների կողքով: Բարեգործությունը վարակիչ է: Ես բարեգործություն եմ անում, որովհետև եսասեր եմ, դա տալիս է կյանքի իմաստ, ես հրճվում եմ դրանցով, ես հպարտանում եմ դրանցով, ես բարձին գլուխս դնում եմ ու մտածում եմ՝ կարողացա՞ մեկի մատից փուշ հանել»,-ասաց նա։
Արմինե Հովհաննիսյանը ընդգծեց, որ բարի գործի սահմանումը անսպառ է և կապ չունի ֆինանսական բարեկեցության հետ: