Հասարակություն Մշակույթ 

Գերմանիայում կցուցադրվեն Մինաս Ավետիսյանի և նրա որդու՝ Նարեկ Ավետիսյանի ստեղծագործությունները

analitik.am
Գերմանիայում ս. թ. փետրվարի 21-ին բացվելու է հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի և նրա որդու՝ Նարեկ Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
 

 

«Վերջին մի քանի տարիներին եվրոպական քաղաքներում ներկայացվել են իմ աշխատանքները: Շատ թանգարաններում, կենտրոններում տեղյակ են իմ գործերից: Մի քանի տարի առաջ արվեստագիտության պրոֆեսոր, դոկտոր Վիլհեմ Շլինկը արվեստաբանական հոդված է գրել Մինաս Ավետիսյանի մասին: Շատ լավ հոդված է, քանի որ եվրոպական քննադատությունն այլ հայացք ունի: Այս ամենի ֆոնին առաջարկ եղավ Գերմանիայում կազմակերպել ցուցահանդես»,- հաղորդեց Նարեկ Ավետիսյանը:
 
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Մորիցբուրգ արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ, փետրվարի 21-ից մայիսի 4-ը կներկայացնի «Մինաս և Նարեկ Ավետիսյան. Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» լայնածավալ ցուցահանդեսը: Գերմանիայում կայանալիք այս ցուցահանդեսի շրջանակներում Մինաս Ավետիսյանի 19 ստեղծագործություն (Հայաստանի Ազգային պատկերասրահի, Մինաս Ավետիսյանի ընտանիքի, Ռուս արվեստի թանգարանի և Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի թանգարանի հավաքածուներից) կցուցադրվեն որդու՝ Նարեկ Ավետիսյանի 9 ստեղծագործության հետ: 20-րդ դարի երկրորդ կեսի հայ արվեստի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը և նրա որդին՝ յուրաքանչյուրն իր արվեստի միջոցով ներկայացնելու են հայ գեղանկարչության զարգացումը:
 
«Ցուցահանդեսի կոնցեպցիան այնպիսին էր, որ Մինասը՝ որպես պատմական երևույթ, դեմք, պետք է գերմանական արվեստասեր հանրությանը ներկայանա լիարժեք՝ տարբեր շրջանների աշխատանքներով: Իսկ իմ ստեղծագործությունները պետք է ցույց տան, ապացուցեն այն սկզբունքը, որին ես եկել եմ ու կարողացել եմ ամփոփել իմ գաղափարները»,- ասաց Ն. Ավետիսյանը:
 
Ցուցահանդեսում ներկայացվելու է Նարեկ Ավետիսյանի «Ինտերֆրակտալներ» (2008-2010թթ.) շարքը:
 
Հայրը և որդին վերոնշյալ ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ միասին կցուցադրվեն:
 
«Ինձ համար այս երևույթը շատ կարևոր է, պատասխանատվություն է, մյուս կողմից իրականում ոնց որ ամբողջ կյանքի ընթացքում էլ իր կողքին լինեմ: Այդ զգացողությունը կա, ուղղակի հասարակության մեջ է առաջին անգամ դա տեղի ունենում»,- ասաց Ն. Ավետիսյանը:
 
Հայաստանի Ազգային պատկերասրահից տեղեկացնում են, որ այս առիթով հրատարակվել է ցուցահանդեսի ընդգրկուն, եռալեզու պատկերագիրք (գերմաներեն, հայերեն և անգլերեն): Պատկերագրքում զետեղված արվեստագիտության պրոֆեսոր, դոկտոր, պարոն Վիլհեմ Շլինկի արվեստաբանական հոդվածի կողքին, որն անդրադառնում է Մինաս Ավետիսյանի ստեղծագործությանը, ներկայացված է Նարեկ Ավետիսյանի բացառիկ և ընդգրկուն հարցազրույցը, որը հեղինակել է արվեստագիտությունների թեկնածու Մարի-Քրիստին Ֆրիտչը:

Նույն շարքից