Հասարակություն 

«Օրրանը» մանկատուն չէ. Արմինե Հովհաննիսյան

Շուտով կլրանա «Օրրան» բարեգործական ՀԿ-ի հիմնադրման 14 տարին: Այսօր՝ Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրը, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Օրրան» բարեգործական ՀԿ տնօրեն Արմինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկայումս իրենց խնամակալության տակ կա մոտ 100 երեխա: 

«Տարիներ առաջ մենք նման կազմակերպություն հիմնելու միտք չունեինք, սակայն երբ տեսանք, որ փողոցում հայ կարիքավոր, դրամ մուրացող երեխաներ կան, ես ու Րաֆֆին մտածեցինք, որ մեր ընտանեկան միջոցներով կարող ենք գոնե 15 երեխայի կարիքները հոգալ: Այդպես էլ սկսեցինք՝ 16 երեխայի բերելով մեր ստեղծած կենտրոն: 

Մեր ՀԿ-ն գործում է նաև Վանաձորում, որտեղ երեխաների թիվը հասնում է 80-ի: Երեխաները գալիս են տարբեր դպրոցներից, ստանում տաք սնունդ, ուսուցիչների հետ սովորում դասերը, արհեստ ուսանում: Ունենք բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և անվճար հիմունքներով սովորող երեխաներ: 

Հատկանշական է, որ նույն կենտրոնում Սերժ Թանկյանի և նրա կնոջ հովանավորությամբ արդեն այսօրվանից տաք սնունդ կստանան նաև տասը մեծահասակներ: Հետագայում նրանց թիվը կավելանա: Իսկ ահա Երևանում ամեն օր տաք սննդով ապահովում ենք հիսուն ծերերի: Ընդհանուր առմամբ «Օրրան»-ը օրական կերակրում է 320 մարդու և վատ չի կերակրում»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում տեղ-տեղ աղքատությունը հասնում է ահռելի չափերի: 

«Աղքատ ընտանիքներում շատ հաճախ հիմնական բեռն ընկնում է կանանց վրա: Տղամարդիկ, չդիմանալով աղքատությանը, սկսում են խմել, փողոց դուրս գալ: Նման ընտանիքները շատ-շատ են: Մինչդեռ մարդը պետք է կարողանա պահել իր արժանապատվությունն ու ընտանիքը: Դրա համար, իհարկե, նրան պետք է ապահովել աշխատանքով»,- նշեց «Օրրան» ՀԿ-ի ղեկավարը:

Նա նկատեց, որ բարեգործությունը վարակիչ երևույթ է: «Մեր երգի ուսուցիչը, օրինակ, արդեն յոթ-ութ տարի է՝ մեզ մոտ է աշխատում: Երբ տաքուկ տեղում ես, չգիտես կարիքավոր, կյանքից ապտակ ստացածների խնդիրները: Երբ միջոցներ ունես, իրականում դժվար չէ բարեգործություն անել: Երբ մեկը հրճվում և հպարտանում է իր ոսկե-ադամանդե զարդերով, ես էլ հրճվում եմ իմ կատարած բարեգործությամբ և ամեն օր գլուխս բարձին դնելիս մտածում՝ այսօր էլ մի լավ գործ կատարեցի»,- ասաց Արմինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր սահմանմամբ՝ բարությունը քո խիղճն է՝ գումարած ունեցածդ միջոցները:

Ամփոփելով՝ ՀԿ ղեկավարը նշեց, որ ցավալի է, բայց փաստ՝ մեր օրերում մարդիկ անցնում են փողոցում մուրացող մարդկանց կողքով ու չեն էլ նկատում նրանց: 

«Վերադառնալով մեր կենտրոնին՝ ուզում եմ ասել, որ «Օրրանը» մանկատուն չէ: Սկզբում բավական դժվար էր երեխաներին հասկացնել դա»,- ասաց Արմինե Հովհաննիսյանը:

Նույն շարքից