Ինչպես արդեն հայտնել էինք Փարիզում այս գիշեր տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ: Երկրի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել միաժամանակ 6 կետերում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նախնական տվյալներով` Փարիզում հարձակումների հետևանքով չեզոքացվել է 8 ահաբեկիչ:
ԱՄՆ հետախուզությունը հակված է այն վարկածին, որ Փարիզի ահաբեկչությունները, դատելով իրենց կատարման բարդությունից, հնարավոր է՝ կազմակերպել է «Ալ- Կաիդա» ահաբեկչական խմբավորումը, այլ ոչ թե «Իսլամական պետությունը», հայտնում է РИА Новости-ն` ամերիկյան NBC հեռուստաալիքին հղումով։
Փարիզի «Բատակլան» համերգասրահում համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության ականատեսները պատմել են, թե ինչ է կատարվել համերգասրահում գործողության ժամանակ, հայտնում է ru.euronews.com-ը։
«Մտան մի քանի մարդիկ և սկսեցին կրակել անմիջապես մուտքի մոտից։ Կրակում էին մարդկանց վրա՝ բացականչելով՝ «Ալլահ Աքբար»։ Ես լսում էի, թե նրանք ինչպես են լիցքավորում զենքերը։ Համերգը դադարեցվեց, բոլորը պառկեցին գետնին։ Նրանք շարունակում էին կրակել մարդկանց վրա։ Դա դժոխք էր»,- հեկեկալով պատմել է ականատեսներից մեկը։
«Ես բռնեցի մայրիկիս ձեռքը, և մենք պառկեցինք գետնին։ Հետո մենք վազեցինք ելքի մոտ։ Դա սարսափելի էր»,- պատմել է մեկ այլ ականատես՝ նշելով, որ չի հասցրել նորմալ տեսնել հարձակվողներին։