Փարիզի «Բատակլան» համերգասրահ այցելած հանդիսատեսը կարծել է, թե ռոք համերգի ժամանակ կրակոցները ներկայացման մաս են։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պատմել է ահաբեկչությունից փրկված Նինա անունով աղջիկը։
Նրա խոսքով՝ ահաբեկիչները պատանդ են վերցրել մարդկանց, զոհվել է 110 մարդ։
«Ես «Բատակլան» էի եկել իմ ընկերների հետ։ Մենք դահլիճում էինք, երբ լսեցինք կրակոցների ձայներ։ Սկզբում կարծեցինք, թե դա ներկայացման մաս է։ Հետո գլուխներս շրջեցինք և տեսանք, որ զինված անձինք են կանգնած, տեսանք դիեր։ Մենք միանգամից պառկեցինք գետնին, և ահաբեկիչներն ասացին, որ այդպես էլ մնանք»,- պատմել է նա։
Հակառակ դեպքում ահաբեկիչները սպառնում էին սպանել բոլորին։ «Դիեր կային ամենուր։ Ես հիմա սա թեթև եմ ասում, բայց իրականում դա ահավոր էր։ Լավ է, որ իմ բոլոր ընկերները ողջ և առողջ են։ Ոստիկանները մեզ ցույց տվեցին՝ ուր գնանք։ Մարդիկ օգնում էին մեզ՝ սուրճ, ջուր, շոկոլադ տալիս»,- ասել է աղջիկը։
Նա, սակայն, ասել է, որ ոստիկանությունն ուշ է դեպքի վայր հասել։ «Մենք մեկուկես ժամ պառկած ենք եղել գետնին»,- հավելել է նա։