Իտալական Նեապոլ քաղաքի ափերի մոտ գտնվում է գողտրիկ մի կղզի, որն առաջին հայացքից հիանալի վայր է թոշակի անցնելուց հետո ապրելու ու տեղի հաճելի կլիման ու համեղ խոհանոցը վայելելու համար։
Սակայն նախքան այստեղ հաստատվելը՝ հարկավոր է խոսել տեղացիների հետ, ովքեր վստահ են, որ Գայոլա կղզին անիծված է, ինչի հետևանքով այնտեղ բնակվողները կամ շուտ մահանում են կամ էլ աղքատանում։
Ինչպես նշում է viralnova.com-ը, 1920-ական թվականներին այն պատկանում էր Հանս Բրաուն անունով մի շվեյցարացու, ով կղզում մի քանի տարի ապրելուց հետո սպանված է հայտնաբերվել, իսկ դրանից հետո նրա կինը խեղդվել է կղզին ողողող ջրերում։
Այնուհետ Գայոլան գնել է ոմն գերմանացի՝ Օտտո Գրունբեքը, ով ևս մահացել է կղզում կառուցված տանը՝ սրտի կաթվածից։ Նույնպիսի դաժան ճակատագիր է ունեցել կղզու հաջորդ տերը՝ շվեյցարացի Մորիս Իվ Սանդոսը, ով ինքնասպան է եղել։
Սակայն բացի մահից, ըստ տեղացիների, կղզին իր տերերին բերում է նաև ֆինանսական անհաջողություններ։ Օրինակ՝ դրա հաջորդ տերը՝ գերմանացի ձեռնարկատեր բարոն Կառլ Փոլ Լանհեյմը, Գայոլայում բնակվելու տարիներին կորցրել է իր ողջ ունեցվածքը։
Աղբյուրը նշում է, որ տարբեր տարիների կղզու տերերի անհաջողությունների ու դժբախտությունների ցանկը կարելի է երկար շարունակել։ Կղզու վերջին տերը՝ Ժանպասկալ Գրապոնեն, խուսափել է մահից ու ֆինանսական անհաջողությունից, սակայն փոխարենը հայտնվել է բանտում։







