Հռոմի պապը պատրաստվում է շրջագայել աշխարհում Արգենտինայի ազգային անձնագրով՝ այն երկրի, որտեղ ծնվել է, գրում է newsru.com-ը։
Ինչպես ընդգծել է Արգենտինայի տրանսպորտի և ներքին գործերի նախարար Ֆլորենսիո Ռանդասոն, պոնտիֆիկոսի ժեստը «նրա նոր բարեկամական քայլն է մեր երկրի հանդեպ, որը մեզ հպարտություն է պարգևում»։ Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բուենոս Այրեսի նախկին արքեպիսկոպոսը չի խնդրել որևէ յուրահատուկ վերաբերմունք իր հանդեպ, նրան նոր փաստաթուղթը կհանձնվի իր ներկայիս նստավայրում՝ Վատիկանի տարածքում։
Հռոմի պապի կարգավիճակում Ֆրանցիսկոսը դեռևս միայն մեկ արտասահմանյան ուղևորություն է կատարել՝ 2013թ. հուլիսին նա եղել է Բրազիլիայում։ 2014թ. մայիսի վերջին նախատեսված է նրա ուխտագնացությունը դեպի Սուրբ Երկիր՝ Հորդանան-Իսրայել-Պաղեստին։ Քննարկվում է նաև Հարավային Կորեա և Շրի Լանկա ուղևորության հարցը։