Ճապոնիան տարեց մարդկանց զբաղվածության մակարդակով դարձել է համաշխարհային առաջատար: Երկրում աշխատող մարդկանց ավելի քան 10 տոկոսը մեծ է 65 տարեկանից: Այս մասին է վկայում երկրի աշխատանքի և բարեկեցության նախարարության վիճակագրությունը: Համեմատության համար նշենք, որ արևմտյան երկրների մեծ մասում նրանց մասնաբաժինը կազմում է 1-5 տոկոս: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Աշխատող տարեց ճապոնացիների նկատելի մասը մասնակցում է 2011-ի երկրաշարժից ու ցունամիից տուժած երկրի հյուսիս-արևելքի վերականգնման աշխատանքներին: Բացի այդ, բնակչության այդ խումբն ակտիվորեն դիմումներ է ներկայացնում աշխատատեղերի համար, որոնք սկսել են հայտնվել Ճապոնիայում՝ 2020-ի ամառային Օլիմպիադան հյուրընկալելու իրավունքի համար պայքարում Տոկիոյի հաղթանակից հետո: Ավելի ու ավելի շատ գործատուներ են հրաժարվում 65 տարեկանից աշխատողներին թոշակի ուղարկելու պրակտիկայից և թույլ են տալիս նրանց շարունակել աշխատանքը:
Ծերացումը Ճապոնիայի գլխավոր ժողովրդագրական խնդիրն է և առաջիկա տարիներին կարող է հանգեցնել բնակչության նկատելի կրճատման: Անցած տարի բնակչությունը նվազել է 244 հազարով: Դա ամենաբարձր տարեկան ցուցանիշն է ողջ հետպատերազմյան շրջանում: