Հասարակություն 

ԵՊԼՀ կոլեկտիվի բաց նամակը հանրությանը

ԵՊԼՀ կոլեկտիվի բաց նամակով դիմել է հանրությանը: «Մշակութային մարդաբանության հանրագիտարանը փաստում է՝ «Բամբասանքը այլոց մասին պարապ զրույց է կամ ասեկոսե: Այն տեղեկատվություն տարածելու ամենահին ձևերից է, սակայն նաև այդ տեղեկատվությունը խաթարելու և դրա մեջ սխալներ ու շեղումներ մտցնելու, այլ խոսքերով՝ ապատեղեկատվություն տարածելու համբավ է վայելում»:

Վերջերս Մամուլ.am լրատվամիջոցով և Կենտրոն հեռուստաընկերությամբ հրապարակված՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մասին անանուն «բաց» նամակում պարփակված տեղեկատվությունը մեծ վերապահությամբ միայն կարելի է զրպարտանք անվանել. այն ամենասովորական բամբասանք է՝ գրված տարիներ շարունակ կրթական և լեզվական բարձր մշակույթ սերմանող համալսարանի աշխատակիցներին ոչ հատուկ անմշակ ձեռագրով:

Կարծում ենք, որ որոշ զանգվածային լրատվամիջոցներ, թերևս, պիտի նախանձախնդիր լինեն ճշմարտությունը իրականության հետ համաձայնեցված ներկայացնելուն և պատասխանատվություն կրեն անանուն նամակագիրներին անսալու և չճշտված տեղեկատվություն տարածելու, հասարակությանը ապակողմնորոշելու, մարդկանց վարկաբեկելու և անձնական վիրավորանք հասցնելու համար:

Ավելին, լրագրողի բարոյական նկարագիրը, կարծում ենք, ենթադրում է ավելի հոգատար և անաչառ վերաբերմունք դրսևորել երևույթների, իրողությունների հանդեպ, որոնք մեր ժողովրդի մշակութային և կրթական ձեռքբերումների և արժեքների դարբնոց են: Առանց կեղծ համեստության, ի լուր բոլորի հայտարարում ենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը իր անցած 79-ամյա տարեգրությամբ հենց այդպիսի դարբնոց է: Մոռանալ դա, վիրավորել հարյուրավոր դասախոսների և հազարավոր ուսանողների՝ նրանց դարձնելով անդեմ, վախվորած մի զանգված, որը պատրաստ է ընդունել աբսուրդի հասնող ցանկացած հրահանգ, նշանակում է կոտրել մեր ժողովրդի ողնաշարը՝ զի մանուկ է ուսուցանողդ:

Ավելորդ ենք համարում ասել, որ «փակման» ենթակա համալսարանը ձեռնամուխ է եղել բակալավրիատում և մագիստրատուրայում հեռակա ուսուցման կազմակերպման, նոր մասնագիտական ծրագրերի ներմուծման, բուհի նոր հարկաբաժնի կառուցման աշխատանքներին: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը իր պատմության մեջ առաջին անգամ ներգրավվել է TEMPUS-ի 5 ծրագրերին՝ դառնալով դրանցից մեկի համակարգողը: Այս բոլոր աշխատանքներին ակտիվորեն ներգրավված է այն դասախոսական անձնակազմը, որի աշխատավարձը վերջին մեկ տարվա ընթացքում բարձրացվել է մոտ 60%-ով: 

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը բաց է հասարակության բոլոր շերտերի (այդ թվում նաև լրագրողների) առջև: Կրթության գործին առնչվող ցանկացած մարդ գիտի, որ բուհը «փակ» լինել չի կարող, որովհետև բազմահազարանոց ուսանողությունը ոչ միայն նրա մշակույթի կրողն է, այլ տեղեկատվության ամենահավաստի և անաչառ աղբյուրը:

Ուրեմն, մենք ընդամենը անկողմնակալության կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր իսկապես շահագրգիռ են մեր ժողովրդի կրթության գործի արդյունավետ կազմակերպմանը (ԵՊԼՀ-ն երբեք այդ շղթայից դուրս չի եղել): 

Կոչ ենք անում չհեղինակազրկել իր դիմագիծը ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունը, որովհետև այն սոսկ շենք չէ, որ վաճառվելու կամ միանալու է որևէ մեկին, այլ հանրապետական և միջազգային ճանաչում ունեցող վաստակաշատ գիտնական-մանկավարժների հանրույթ, որը սթափեցնող ահազանգ է հնչեցնում. դեմոկրատիան, իմա՝ ազատությունը ցեխարձակում չէ: 

Ի տարբերություն «բաց» նամակի հեղինակների՝ մենք ստորագրում ենք՝ ազնվություն և խոսքին տեր կանգնելու բարոյական պատասխանատվություն պահանջելով բոլորից:

Նույն շարքից