Հասարակություն 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը մեկնարկում է իր կրթաթոշակային ծրագիրը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ապրիլի սկզբից պատրաստվում է մեկնարկել իր կրթաթոշակային ծրագիրը: Այս մասին այսօր դեսպանատանը հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

 

«Հայաստանում ֆրանսիական միակ բուհը Ֆրանսիական համալսարանն է: Ուսանողներին այստեղ տրվում է ֆրանսիական հարգի դիպլոմ: Սակայն, Հայաստանում ֆրանսիական համալսարանը որքան էլ հաջողություններ գրանցի, դրանով չպետք է սահմանափակվել, և այս առումով դիմում ենք Հայաստանի ուսանողներին և կոչ ենք անում գալ և Ֆրանսիայում շարունակել իրենց կրթությունը»,-ասաց Անրի Ռենոն, տեղեկացնելով, որ արտասահմանյան ուսանողների թվով Ֆրանսիան աշխարհում երրորդն է:

 

«Շուրջ 300 հազար ուսանող աշխարհի տարբեր երկրներից ուսանում է Ֆրանսիայի համալսարաններում: Բակալավրի աստիճան ունեցող շատ շրջանավարտներ արդեն այսօր տարբեր շուկաներում ունեն իրենց աշխատանքը»,-հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

 

Ընդգծելով, որ Ֆրանսիան բարձրագույն կրթական որակ և լավագույն պայմաններ է ապահովվում ուսանողների համար, Անրի Ռենոն ասաց, որ ֆրանսիական բուհերի բակալավրիատում ուսանելու համար տարեկան պետք է վճարել 183 եվրո, իսկ դոկտորատուրայի համար՝ 383:

 

Դեսպանը հաղորդեց նաև, թե արտասահմանցի ուսանողներից շուրջ 40 տոկոսը Ֆրանսիայում շարունակում է ուսանել դոկտորատուրայում:

 

Ի դեպ, Անրի Ռենոյի հավաստմամբ, իրենք հարցում են անցկացրել Ֆրանսիայում հայ ուսանողների շրջանում, և ըստ դեսպանի, հարցումների արդյունքները ծայրաստիճան գոհացուցիչ են եղել:

 

«Հարցվածների մեկ երրորդն ասել է, որ Հայաստանում նրանց բարձր մակարդակի աշխատանքով են ապահովել»,-ընդգծեց դեսպանը:

 

Անրի Ռենոն ասաց նաև, որ Ֆրանսիան նոբելյան մրցանակակիրների թվով 4-րդն է աշխարհում, հետևաբար, իրենք ցանկանում են, որ հայ ուսանողներին նաև գիտահետազոտական համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռվի:

 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Կասբարյանն էլ ասաց, թե թեև Ֆրանսիայում ուսուցման լեզուն ֆրանսերենն է, սակայն ի տարբերություն այլ երկրների, այստեղ մեկնարկային փուլում պարտադիր պայման չէ ֆրանսերենի իմացությունը:

 

 

«Բոլոր նրանք, ովքեր մտադիր են իրենց հետագա ուսումը շարունակել Ֆրանսիայում, խորհուրդ կտամ արագացված դասընթացների մասնակցել, հետագա ուսուցումը դյուրին լինելու համար»,-ասաց Ժան-Միշել Կասբարյանը:

 

Վերջինս նշեց նաև, որ 2013 թ. Ֆրանսիայում սովորելու համար գրեթե բոլոր դիմորդների դիմումները բավարարվել են:

 

«Տասից ութը դրական պատասխան է ստացել: Պարզապես պետք է լրիվ ճշգրիտ դոսյե ներկայացնել: Ֆրանսիան համապատասխան կրթաթոշակ է տրամադրում: Դոկտորատուրայի ուսանողներից ոմանք, կարելի է ասել, համարյա աշխատավարձ են ստանում»,-ասաց Ժան Միշել Կասբարյանը:

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գիտության և տեխնիկայի հարցերով կցորդ Ալիս Լենան էլ հաղորդեց, թե իրենք այստեղ կոչված են աջակցել հայ ուսանողերին մինչև իրենց ուսման ավարտը:

Նույն շարքից