Հայաստան Քաղաքական 

ԵԽԽՎ զեկույցը խայտառակ փաստաթուղթ է. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ ասաց, որ իրեն հետաքրքրում է՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովում ընդունված՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» վերնագրով զեկույցի առնչությամբ հայկական պատվիրակությունն ի՞նչ քայլեր է նախաձեռնում:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդունված զեկույցը խայտառակ փաստաթուղթ է, իսկ վերնագիրն ինքնին ցույց է տալիս՝ զեկույցի խայտառակության մասշտաբը: «Հրավիրե՞լ եք հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին քննարկելու հարցը, փորձե՞լ եք տեղեկատվություն ստանալ՝ ինչ է կատարվել այնտեղ, ի՞նչ դեր ունի ընդունման հարցում մեր պատվիրակությունը»,- հարցրեց ՀԱԿ պատգամավորը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ համաձայնեց, թե սա ոչ թե խայտառակ, այլ՝ «շատ խայտառակություն» զեկույց է: «Բայց եկեք մեղավորներ չփնտրենք: Մենք այսօր էլ որոշակիորեն միջոցներ ենք ձեռնարկում, որ հունվարին կայանալիք լիագումար նիստում ավելի գործուն մասնակցություն ունենանք»,- շեշտեց Սահակյանը, ապա շարունակեց, որ ինքն անձամբ ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է հարցն ու ասել, որ այս աբսուրդին պետք է վերջ տալ:

«Մենք գործ ունենք ոչ թե ԵԽԽՎ-ի, այլ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Եթե մտածում եք, մեր ամբողջ պառլամենտը, առավել ևս մեր պատվիրակությունը, պիտի կարողանային միանգամից հաղթահարելի դարձնել այդ երևույթը, ես դրա կողմնակիցը չեմ: Չեմ ուզում պաշտպանվող խոսեք, միաժամանակ՝ վարկաբեկող խոսքեր լսել: Մեր պատգամավորներն են, դրական եմ համարում, նման խնդիրներում բոլորը միահամուռ, միակամ պայմանավորվել են այդ ուղղությամբ: Իրենց գնալուց առաջ մտածում էի, որ արդյունքները ավելի վատ կլինեն, բայց կարողացել են 16 պատվիրակի բացատրել խնդրի էությունը»,- շեշտեց նա:

Գալուստ Սահակյան նաև ասաց, թե խնդիրը ոչ միայն ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությանն է վերաբերում, այլև՝ ամբողջ Ազգային ժողովին. «Պատգամավորները, որոնց անընդհատ գործուղել են, որ տեղում լուծեն հարցը, այդ պատգամավորներն են: Անընդհատ վիճում, բանավիճում եք գործուղումներ գնալու համար: Բոլորին ասվել է, որ զեկույցի ու Սարսանգի ջրամբարի հարցերը մեր կարևորագույն խնդիրն են, սա է ԱԺ հանձնարարականը, այնպես որ մասնակից է եղել ողջ ԱԺ-ն ու ես վատ եմ զգում, որ չենք կարողացել արդյունքներ գրանցել, և սա չի նշանակում, որ պետք է շփոթվել, խառնաշփոթ սկսել: Պետք է ավելի ջանասիրաբար աշխատենք»:

Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, թե պետք չէ ամեն ինչ բարդել ադրբեջանական խավիարային դիվանագիտութան վրա: «Եթե խավիարն այդքան զորեղ բան է, գուցե չարժե պատվիրակություն ուղարկել, այդ փողերով խավիար գնեն ու ուղարկենք ԵԽԽՎ»,- առաջարկեց Նիկոլ Փաշինյանը: Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց, թե պատվիրակության անդամները կպատասխանեն պատգամավորի հարցին, բայց նշեց. «Պետք չէ խավիարը հաղթանակ կամ պարտություն գրանցել: Առանց այն էլ չենք կարողանում օգտվել այդ խավիարից, օդի մեջ խոսում ենք»:

Նույն շարքից