Հասարակություն 

ԱՄՆ-ն կօգնի Հայաստանի համար ազգային տարբերանշանի ստեղծման գործում

Փետրվարի 20-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն եւ ՀՀ Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրեն Հիմնադրամին`Հայաստանի համար ազգային տարբերանշանի ստեղծման նպատակով:


ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե կառավարությունում կայացած ստորագրման արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Միջոցառման մասնակիցների շարքում էին նաեւ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը եւ ԱՄՆ Առաքելության ներկայացուցիչները:


Տարբերանշանի մշակման նախաձեռնությունը համալրում է ԱՄՆ ՄԶԳ-ի զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեությունը` մատնանշելով Հայաստանը աշխարհի քարտեզի վրա եւ իրազեկություն ապահովելով երկրի մասին` որպես այցելելու եւ ներդրումներ կատարելու վայր:  Գործընկերները համոզված են, որ հզոր տարբերանշանը եւ արդյունավետ տեղեկատվությունը էապես կօգնեն Հայաստանին` վերջինիս բացառիկ լինելը ներկայացնելով պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին եւ երկիրն առանձնացնելով մրցակիցների շարքում: 


Գալիք ինը ամիսների ընթացքում ՀԱՄՀ-ը կհամակարգի ազգային բրենդի ստեղծման եւ Հայաստանի համար առաջխաղացման ծրագրի մշակման աշխատանքները:

Նույն շարքից