Միջազգային Քաղաքական Ֆեյսբուք 

ԵՄ երկրների իշխանությունները ստիպված են լինելու կանխել նոր փախստականների ներթափանցումը

Փարիզյան ահաբեկչությունները տեղի ունեցան ԵՄ տարածք հարյուր հազարավոր փախստականների զանգվածային և համարյա միաժամանակյա ներխուժման կապակցությամբ առաջացած համընդգրկուն քաղաքական ու գաղափարախոսական ճգնաժամի պայմաններում:

Այդ զանգվածային ներգաղթը կանգնեցնելու պահանջի արդարացումներից մեկն այն էր, որ փախստականների խայտաբղետ ամբոխի մեջ կարող են ԵՄ տարածք ներթափանցել նաև ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական խմբավորումների բազմաթիվ անդամներ, ինչը լուրջ վտանգ է ներկայացնելու այդ ոչ-ցանկալի եկվորների հոսքերն ընդունող երկրների համար:

Նոյեմբերի տասներեքին Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերը, սակայն, ցույց տվեցին, որ ահաբեկչական գործողության կազմակերպիչները հիմնականում ոչ թե նոր ներգաղթածներն էին, այլ արդեն իսկ առնվազն Ֆրանսիայի և Բելգիայի քաղաքացիություն ունեցող տեղի իսլամադավան համայնքների ներկայացուցիչները:

Այս հանգամանքը պարտադրում է նորովի դիտարկել քաղաքակրթական ու սոցիալ-տնտեսական տարբերություններից սնվող այն թշնամանքի էությունը, որը պատճառն և արդարացումն է դարձել բազմաթիվ անմեղ մարդկանց կյանք խլելու գնով վրիժառության ու ինքնահաստատվելու համար:

Սակայն, այդուհանդերձ, չխորանալով քաղաքակրթական տարբերություններով քողարկվող ու արդարացվող անհավասարության մերժման այս դրսևորումների վերլուծության մեջ, կարելի է այս պահին մեկ կարևոր բան արձանագրել՝ ահաբեկչությունն իրականացրած եվրոպական քաղաքացիություն ունեցող հնաբնակ իսլամիստներն իրենց վայրագություններով զայրույթի և հավանական վրեժի գործողությունների են մղում բնիկ եվրոպացիներին հենց ընդդեմ նոր ներգաղթյալների: Նրանց ճամբարներն ու ժամանակավոր ապաստարաններն արդեն իսկ համարյա ամեն օր դառնում են հրո ճարակ:

Այսպիսով ԵՄ երկրների իշխանությունները ստիպված են լինելու ոչ միայն մտածել այն մասին, թե ինչպես են կանխելու նոր փախստականների ներթափանցումն, իսկ արդեն ներթափանցածներին՝ ետ ուղարկելու, այլև պետք է լուրջ խորհեն իրենց այլադավան քաղաքացիների հետ հարաբերվելու նոր կանոններ մշակելու խնդրի շուրջ:

Երևի թե այս հսկայածավալ գործընթացը նախաձեռնող ուժերը վստահ են, որ եվրոպացիների 'ճիշտ' ընտրության կմղի հավանաբար դեռ կենդանի մնացած ինքնապահպանման բնազդը:

Նույն շարքից