Ըստ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի ապրիլի 1-ը պետք է նշել ոչ թե իբրև խաբելու, այլ ծիծաղի օր, քանի որ առանց այդ էլ Հայաստանում տարվա 364 օրը խաբելու օր է: Օրվա խորհրդի մասին իր կարծիքը ռեժիսորը հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Մի քիչ շատ են խաբում մեզ բոլորիս, այս օրն էլ գոնե ծիծաղով անցկացնենք: Երևի խաբելն էլ իր մեջ հումոր ունի, դրա համար են մարդիկ իրար խաբում»,-ասաց նա:
Նիկոլայ Ծատուրյանը հիշեցրեց, որ այսօր մեր մեծ ու սիրված դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է և շնորհավորեց այդ առիթով ողջ հայ ազգին: Նա նշեց, որ հենց այս առիթով պետք է նշենք ապրիլի 1-ը:
«Խորեն Աբրահամյանի, Ֆրունզիկի, Սոս Սարգսյանի հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Սոսը Սարգսյանը, երբ Թատերականի ռեկտորն էր, ընդունելության քննությունների ժամանակ մի աղջիկ շատ վատ արտասանեց, բայց որ Ստեփանավանից էր, ասաց` ընդունի, մեր կողմերիցն ա ու անվճար: Հաջորդը մի տղա էր Ալավերդիից, իրան էլ, ասաց, ընդունի: Մյուս աղջիկն էլ Ղափանից էր, շունչ քաշեցի, բայց մեկ էլ էլի ասեց՝ ընդունի, Հայաստանից ա ու անվճար: Ասեցի` Սոս Արտաշեսից, էսքանին ո՞նց ենք անվճար ընդունելու, չորս տեղ ունենք անվճար։ Ասաց` ոչինչ, ձեր աշխատավարձերից կկտրենք, իրենց վարձը կտանք, բա պիտի սովորե՞ն, թե չէ»,-պատմեց նա:
Նիկոլայ Ծատուրյանը ցավով նշեց, որ այսօր հումորը դարձել է մակերեսային, կոպիտ ու առավել հաճախ գռեհիկ:
«Շատ եմ սիրում անգլիացիների հումորը, որ տողատակեր ունի: Ցենզուրայից դուրս հումորը նվաստացուցիչ է: Աշխարհի շատ երկրներում իրական հումորիստ քիչ կա»,-ասաց նա: