Հայաստան Քաղաքական 

Եթե այս կառավարման ձևն այլ տեղում են ստեղծել, ուրեմն ՀՀ-ում չի՞ կարող գործել. Ա. Ռուստամյան

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Արարատի մարզի Բերքանուշ համայնքի բնակիչներին ներկայացրեց բարեփոխված Սահմանադրության մի շարք հնարավորություններ, որոնք թույլ կտան երկրի կառավարումն ավելի արդյունավետ դարձնել:

«Ամբողջ փորձագիտական կազմը, Վենետիկի հանձնաժողովը լավագույն, դրական գնահատականներն են տալիս, որովհետև ասում են, որ կարողացել ենք ինտեգրել ամբողջ եվրոպական պառլամենտարիզմը, որ գոյություն ունի: Եվրոպական միության 28 երկրներից 19-ը խորհրդարանական են: Դա հո պատահակա՞ն չէ: Մենք Գերմանիայի փորձն ենք վերցրել, եվրոպական մի շարք երկրների, մերձբալթյան երկրների: Մի մեխանիզմ է ներդրվում, որն առաջին անգամ է լինելու մեր անկախությունից հետո Հայաստանում:

Ի՞նչ է, այս կառավարման ձևն այլ տեղում են ստեղծել, ուրեմն Հայաստանում չի՞ կարող գործել: Նյուտոնի օրենքն էլ Հայաստանում չեն հայտնաբերել, բայց այն գործում է նաև Հայաստանում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը ասաց, որ նոր Սահմանադրությամբ վարչապետն ամբողջությամբ հաշվետու է, միշտ պարտավոր է իր տեղը «պնդացնելու» համար հիմնավորել իր վարած քաղաքականությունը, իր ծրագիրը և այդ ամենով ներկայանալ հանրությանը:

«ԱԺ ներկայանալ, դա նշանակում է նաև հրապարակային ներկայանալ: Այսօրվա պառլամենտում այն հարցերը, որոնք հրապարակային քննարկման են ենթարկվել, ավելի հեշտ լուծում են ստացել, քան թե այն պարագայում, եթե դրանք չմտնեին պառլամենտ: Ես գիտեմ օրենքների ցանկ, որոնք բերվել են ու հետ ուղարկվել, որովհետև այնքան խայտառակ սխալներ են եղել, որ հրապարակային քննարկման ժամանակ բացահայտվել են»,- ասաց նա:

Նույն շարքից