Բյանկա Բալտի
Ո՞վ կարող էր մտածել, որ ժամանակին սուպերմարկետի դրամարկղում աշխատող ու մշտապես մոդելային գործակալությունների դիմող, սակայն միմիայն մերժումներ ստացող այս աղջիկը կդառնա Dolce&Gabbana-ի մուսաներից մեկը։ Երևի թե մոդելային գործակալներն այժմ խիստ ափսոսում են, որ ժամանակին մերժել են ներկայում ամենահաջողակ իտալացի մոդելին։
Իզաբելա Ռոսելինի
Անզուգական շվեդ դերասանուհի Ինգրիդ Բերգմանի ու իտալացի կինոռեժիսոր Ռոբերտո Ռոսելինիի դուստրը՝ Իզաբելա Ռոսելինին, ժամանակին ռեկորդ է սահմանել՝ 6 անգամ (գրեթե հաջորդաբար) հայտնվելով ամերիկյան Vogue-ի շապիկին։ Սա այն հավագյուտ դեպքերից է, երբ հայտնի ծնողների դուստրը հաջողության է հասել սեփական արժանիքների շնորհիվ։ Ռոսելինիի անթերի դեմքն ու կանացի կազմվածքը գերել են շատ շատերին։
Աննա Դելլա Ռուսո
Ճապոնական Vogue ամսագրի կրեատիվ տնօրենին առանց չափազանցության կարելի է անվանել մոլորակի ամենաէքսցենտրիկ ոճային կինը, ով հանդիպումներ է նշանակում առավոտյան ժամը 6-ին, սնվում է «վաղորդյան ցողով», մարզվում է մինչև գիտակցության կորուստը, և հրաժարվում է երկրային ամեն ինչից, օրինակ՝ սեքսից։ Իսկ մի անգամ Ռուսոն տնից դուրս է հանել իր ամուսնուն, քանի որ վերջինս չափից ավելի տեղ էր զբաղեցնում։
Ջովաննա Բատալյա
Նախկին մոդելն արել է նորաձևության աշխարհում ամենահետաքրքիր կարիերաներից մեկը. աշխատել է որպես ոճաբան, մտերմացել Աննա Դելլա Ռուսոյի հետ, հանդիպել Կարին Ռոյտֆելդի որդու հետ, մշտապես եղել նորաձևության բլոգերների ուշադրության կենտրոնում, իսկ հիմա էլ մի ֆոտոսեսիայից շտապում է մյուսին։ Ինչպես նաև հեղինակային սյունակներ է վարում L’Uomo Vogue և W Magazine ամսագրերում։ Բատալյայի «զենքն» իր իտալական «անխնամ» շիկն է։
Ռոբերտո Բոլե
Առնական կազմվածքով Բոլեն աշխարհի ամենահայտնի պարողներից է, ում անթերի անտրաշաները (բալետային պարային թռիչք` օդում ոտքերի արագ փոփոխմամբ) տեսնելու համար դահլիճները միշտ լեփ-լեցուն են։
Մարիանո դի Վայո
23-ամյա միլանցի մոդելն ու բլոգերն ունի հիանալի արտաքին ու ճաշակի զգացում։ Հետաքրքիր սանրվածքով, նորաձև հագուստով երիիտասարդն աշխարհի տարբեր երկրներում ունի երկրպագուների մեծ բանակ։
Լապո Էլկան
Fiat մեքենաշինական կայսրության ժառանգորդ, կանանց սրտերը հեշտությամբ գերող հայտնի «փլեյբոյ» Լապո Էլկանը GQ ամսագրի ռուսական տարբերակում ճանաչվել է ամենաոճային տղամարդկանցից մեկը։ Նրա «զենքը» ածելու պես սուր հայացքն է, վարդագույն, կիսակոճկած վերնաշապիկն ու շքեղ լիմուզինի փոխարեն զվարճալի Fiat-ը։