Արարատյան դաշտի համար ցրտահարությունների և ձյան տեղումների տեսանկյունից ռիսկային է ողջ ապրիլ ամիսը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Մինչև ապրիլի 28-ը բացասական ջերմաստիճանի հավանականությունը պահպանվում է: Ամենացածրը ջերմաստիճանը Հայաստանում գրանցվել է ապրիլի 26-ին 1924թ-ին` -4.3 աստիճան: Իսկ եթե վերջին տարիներին անդրադառնանք, ապա 2004-ին ապրիլի 5-ին գրանցվել է -10 աստիճան: Իսկ ինչ վերաբերում է ձյանը տեսքով տեղումներին, ապա այն բնորոշ է ապրիլին և դրա վտանգը պահպանվում է մինչև ամսի 24-ը»,- ասաց նա:
Զարուհի Պետրոսյանն ընդգծեց, որ Արարատյան դաշտի համար ռիսկային է նաև մայիս ամիսը, իսկ լեռնային շրջանների համար անգամ հունիսը:
Զարուհի Պետրոսյանն ընդգծեց, որ վերջին կանխատեսումը իրենց լավագույն աշխատանքներից մեկն է, բայցև խոստովանեց, որ ձյան քանակը չէին կարողացել կանխատեսել: «Իրականում տեսանք, որ տարբեր քանակությամբ էր տեղացել ձյունը. Արմավիրում ավելի քիչ, Երևանում՝ շատ: Չէինք կանխատեսել նաև կարկուտը... Կարկուտը ավելի ճիշտ կանխատեսելու համար մեզ հարկավոր է ժամանակակից սարքավորում՝ օդերևույթաբանական ռադար»,- ասաց նա:
Զարուհի Պետրոսյանը նաև ընդգծեց, որ համապատասխան մարմինները պետք է հետևություններ անեն և հասկանան, թե նման պարագայում ինչ պետք է անել, որպեսզի գյուղատնտեսությունը չտուժի: