Մամուլի բրիտանական մրցանակաբաշխության (Press Awards) ժամանակ բրիտանական Guardian-ը ճանաչվել է «Տարվա թերթ»։ Գլխավոր մրցանակը պարբերականին շնորհվել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների էլեկտրոնային լրտեսման մասին հոդվածներ հրապարակելու համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Մրցանակների են արժանացել նաև պարբերականի աշխատակիցները. Պատրիկ Կինգսլին ճանաչվել է «Տարվա երիտասարդ լրագրող», Ռոբ Էվանսը և Փոլ Լյուիսը՝ «Տարվա թղթակիցներ»։
«Guardian-ի համար մեծ պատիվ է դառնալ «Տարվա պարբերական»։ Բացի այդ, ես կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Էդվարդ Սնոուդենին՝ բացահայտող դառնալու իր որոշման համար։ Ես շնորհակալ եմ Guardian-ի ամբողջ թիմին։ Այս մրցանակը ես նվիրում եմ մեր աշխատակցուհուն և լավ ընկերոջը՝ Ջորջինա Հենրիին, ով հեռացավ մեզանից այս տարվա փետրվարին»,- ասել է պարբերականի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը։
Մամուլի բրիտանական մրցանակը հանձնվում է յուրաքանչյուր տարի լրագրության ոլորտում ձեռքբերումների համար։ Այն հիմնվել է 1970-ականներին, ժյուրիի կազմում, որպես կանոն, ընդգրկվում են ազդեցիկ լրագրողներ և պարբերականների ղեկավարներ։