Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը իր ելույթի ժամանակ անդրադառնալով 2016 թվականի բյուջեի զեկուցողների ելույթներին, ասաց.
«Հիմնական զեկուցողները բյուջեն ներկայացրել են այսպես. Ժողովո՛ւրդ, մեր վերմակը բավականին փոքր է և պետք է մեր ոտքերը պարզենք այդ վերմակի չափ, և որպեսզի չանցնի վերմակից՝ պետք է ծնկած պահենք ոտքերը: Ես ուզում եմ տեսնեմ այդ կուչ եկած վերմակի տակ քաղաքացին ինչ հեռանկար է տեսնելու, որն է գաղափարախոսությունը և կուչ եկած քաղաքացին չի տեսնում, որ կարող է վերմակը մեծանալ»,-ասաց նա:
Խոսելով ստվերի դեմ պայքարի և փոքր ու միջին բիզնեսին հնարավորություններ տալու մասին՝ պատգամավորը ասաց.«Որքան իշխանությունը խոսում է այդ մասին, այնքան փոքր ձեռնարկություններն են վերանում. ստվերը մնում է նույնը: Մենք չունենք այդ միջին խավը, ով օրակարգ է ձևավորում, և վակումի արդյունքում, երբ, մի կողմում հարուստն է, մյուսում՝ աղքատը, բնականաբար հարուստն է ձևավորում օրակարգ, որն էլ իր շահերից պետք է ձևավորի»:
«Շրջաններից դեպի Երևան ներգաղթն ավելի շատ է, քան թե Հայաստանից արտագաղթը, Երևանը քաղաք-պետություն է դարձել»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը: