Հայաստանում ասորական համայնքի հիմնախնդիրների մասին խոսելիս Ասորիների միության նախագահ Արսեն Միխայիլովը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց, որ ասորիներն ուզում են լինել ՀՀ լիիրավ քաղաքացիներ՝ միևնույն ժամանակ պահելով իրենց բոլոր կրթամշակութային արարողությունները:
«Ասորական համայնքը Հայաստանում կրթական խնդիրներ ունի, որոնք լուծվում են Կառավարության հետ միասին: Այսօրվա դրությամբ, ասորաբնակ գյուղերում և Երևանում առաջինից չորրորդ դասարաններում սովորեցնում են ասորերեն գրել և կարդալ, չորրորդից վեցերորդ դասարաններում՝ պատմություն և մշակույթ»,- ասաց Արսեն Միխայիլովը:
Նշենք, որ ապրիլի 1-ին ասորիները նշում են Հաբ-Նիսանի տոնը, որ խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը:
Արսեն Միխայիլովն ասաց, թե մեր հասարակությունը չգիտի, թե ինչ է խորհրդանշում ապրիլի 1-ը, ոչ ոք չգիտի թե որտեղից է գալիս ապրիլի 1-ի խորհուրդը:
«Ապրիլի 1-ին, երբ թագավորի փոխարեն ընտրում են հասարակ մարդու, նրան անվանում են «չորտանա», այսինքն՝ սուտ թագավոր, այդտեղից էլ եկել է ստի օր անվանումը: Ապրիլի 1-ը ասորական ծագում ունեցող տոն է»,- ասաց Ասորիների միության նախագահը:
Ասորական համայնքի անդամ, դերասան Ռազմիկ Խոսրոևն էլ նշեց, որ ողջ ասորական համայնքը զգացված է նախագահի շնորհավորական ուղերձից: Դա, ըստ նրա, պարտավորեցնում է, որ համայնքն իր ամենօրյա աշխատանքով ավելի նպաստի ՀՀ լիիրավ քաղաքացի դառնալուն:
«Ապրիլի 1-ից սկսած` 12 օր շարունակ ասորիները նշում են զարթոնքի տոնը: Անկախ այն հանգամանքից, որ ասորիները քրիստոնեություն են ընդունել, այս տոնը չեն անտեսել և պահել են որպես ազգային արժեք»,- ասաց Ռազմիկ Խոսրոևը: