Հասարակություն 

Ռուսները դժգո՞հ են հայ լրագրողների ռուսերենի իմացությունից

Ռուսաստանի Հանրային հեռուստաըներության պատմական հաղորդումների ղեկավար, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ղեկավար Լեոնիդ Մլեչինը «Եվրասիական ինտեգրացիան եւ տեղեկատվական տարածքը» խորագրով կլոր սեղանին ընդառաջ հրավիրված ասուլիսին մտահոգություն հայտնեց, թե լինելով բարեկամ երկիր՝ իրենք շատ քիչ բան գիտեն հայաստանյան իրականության մասին:

«Մենք գործ ունենք բարեկամ երկրի հետ, որի մասին իրականում քիչ պատկերացում ունենք, դա էլ պատճառն էր հունիսյան իրադարձությունների: Մեր լրատվամիջոցները քիչ պատկերացում ունեին, թե ինչ է իրականում կատարվում ձեր երկրում: Մենք հանդիպումներ ենք ունեցել ՀՀ պետական բուհերում և պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Պատրաստ ենք աջակցել դասագրքերով, ուղարկել փորձագետներ, որոնք ուղանողներին կսովորեցնեն ինչպես վարել թոք շոու, ինչպես դառնալ հեռուստամեկնաբան և այլն»,- ասաց Լեոնիդ Մլեչինը:

Անդրադառնալով ռուսերենի իմացությանը՝ Լեոնիդ Մլեչինը հայտնեց, թե պետք է հայ լրագրողների շրջանում անցկացնել ռուսերենի դասընթացներ, հատկապես ռուսալեզու լրատվամիջոցների համար աշխատող: «Ռոսիա 1» հեռուստաընկերության հատուկ թղթակից Ալեքսանդր Սլադկովն էլ ավելացրեց, թե խոսքը մասնագիտական՝ լրագրողական ռուսերենի մասին է:

« Մեզ մոտ էլ լրագրողներ կան, որոնք ծնված օրվանից խոսում են ռուսերեն, սակայն չեն տիրապետում մասնագիտական բառապաշարին»,- ասաց նա:

Նույն շարքից