Լիբանանում սիրիացի փախստականների թիվը նախորդ տարի ավելացել է եռակի և գերազանցել է 1 մլն-ը, ինչը ծանր բեռ է մերձավորարևելյան պետության համար։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հաղորդագրությունում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը։
2012թ. ապրիլին Լիբանանի տարածքում թաքնվում էր 18.000 սիրիացի։ Ուղիղ մեկ տարի անց նրանք արդեն 356.000-ն էին, իսկ այսօր՝ միլիոնը։ Յուրաքանչյուր օր վարչությունը Լիբանանում գրանցում է մոտ 2.500 նոր փախստական։
«Լիբանանի համար, որը փոքր պետություն է և ներքին խնդիրներ ունի, այս գործընթացի բացասական ազդեցությունը հսկայական է»,- հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը։
Մեծ ծանրաբեռնվածություն ունի կրթական համակարգը։ Լիբանանում է գտնվում դպրոցահասակ մոտ 400.000 սիրիացի երեխա, ինչը կրկնակի ավելի է լիբանանցի աշակերտների թվից, որոնք հաճախում են պետական ուսումնական հաստատություններ։