Հասարակություն 

Սիրիացի փախստականների առաջին խումբը հասել է Ավստրալիա

Ավստրալական Պերտ քաղաք են ժամանել 5 սիրիացի: Ինչպես երեքշաբթի հաղորդել է Ավստրալիայի սոցիալական ծառայությունների նախարար Քրիստիան Փորթերը՝ նրանք այժմ «գտնվում են միգրացիոն ծառայություններ աշխատակիցների հուսալի հովանու ներքո»: Այս մասին հայտնում է TASS-ը:

Այդ ընտանիքը (հայր, մայր և երեք երեխաներ) դարձել է առաջինը, որին համաձայնել է տեղավորել Ավստրալիայի կառավարությունը: Համաձայն երկրի կառավարության կողմից հայտարարված ծրագրի՝ մերձավորարևելյան փախստականների ճամբարներից կանաչ մայրցամաքում կվերաբնակվեն 12 հազար սիրիացի և իրաքցի փախստականներ՝ առաջին հերթին նրանք, ովքեր ենթարկվում են կրոնական և ազգային հետապնդումների:

Իշխանությունների այդ ծրագրերի իրագործումը Ավստրալիայի հասարակության մեջ աճող տագնապ է առաջացրել՝ կապված Մերձավոր Արևելքում և Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:

Փարիզի դեպքերից հետո Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի ներքին պալատի խոսնակ Էնդրյու Ֆրեյզերը կառավարությանն է դիմել բացահայտ կոչով՝ «փակել երկիրը» փախստականների առջև: «Փակե՛ք սահմանները, առանց այն էլ մեզ մոտ քիչ չեն անարխիստները, և մեզ հարկավոր չեն նորերը, որոնք թաքնվում են փախստականի դիմակի տակ»,- հայտարարել է օրենսդիրը:

Նույն շարքից