www.analitik.am-ը կապ հաստատեց Հայաստան Համահայկական Հիմնադրամի հետ՝ պարզելու համար, թե ուր են գնում հավաքված գումարները, եթե քեսաբահայությունն ասում է, որ ՀՀ-ից որևէ օգնություն չի ստացել: Ստորև ներկայացնում ենք հիմնադրամի պաշտանական պատասխանն ամբողջությամբ.
«Հարկ ենք համարում նշել, որ ինչպես արդեն հայտարարել ենք, Սիրիայի Քեսաբի հայության հրատապ խնդիրների լուծման նպատակով Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից հատկացված 50.000 եվրոն փոխանցվել է Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով:
Քանի որ Քեսաբում վիճակն օրեցօր փոփոխվում է, Կաթողիկոսարանը գումարի օգտագործման առաջնահերթությունը որոշում է ըստ հրատապության:
Քեսաբահայության աջակցության նպատակով Հիմնադրամի կողմից բացված հաշվեհամարներին փոխանցվող գումարները նույնպես ըստ նպատակահարմարության տուժածներին կբաշխվեն Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի եւ Սիրիայում ՀՀ դեսպանատան կողմից:
Սիրիահայության աջակցության ծրագրի շրջանակներում Հիմնադրամը մինչ այժմ հոգացել է Հալեպ-Երեւան չվերթների իրականացումը, սիրիահայերի բարդ վիրահատությունների, հուղարկավորությունների ծախսերը, հայաստանյան բուհերում սիրիահայ ուսանողների վարձերի վճարումը, Հալեպի վարժարանների ուսուցիչների աշխատավարձերի վճարումը»: