Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթի արդյունքները պարզ կդառնան երկուշաբթի՝ ապրիլի 7-ին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 3-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը։ Քննարկվել են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար դիմած եւ ընտրության նախնական փուլն անցած հասարակական կազմակերպությունների հայտերը: Հանձնաժողովի անդամները տարբեր չափորոշիչներով (ՀԿ-ի փորձ, ծրագրի նպատակներ եւ խնդիրներ, բյուջեի կետերի հստակ ներկայացում եւ այլն) գնահատեցին ծրագրերը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, խոսելով ծրագրերի ընտրության սկզբունքների մասին, նշել է որ իր համար ամենակարեւոր չափանիշն արդյունավետությունն է։ «Ինձ համար գլխավորն այն է, որ ծրագիրն ունենա երկարաժամկետ հետեւանք թողնող արդյունք։ Կարեւոր է նաեւ կազմակերպության փորձը համապատասխան ոլորտում»,- ասել է Մանուկյանը՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը եւ անձամբ ինքը պահելու են կապը Ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերում հաղթած ՀԿ-ների հետ: «Ես պարտավորվել եմ պահել կապը կազմակերպությունների հետ եւ հետեւել ծրագրերի իրականացմանն ու արդյունքներին։ Սա էլ իմ հասարակական ներդրումն է դրամաշնորհային այս ծրագրին»,-ասել է նա:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ զարգացման վարչության պետ Հայկ Գալստյանը փորձագիտական գնահատական տալով գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում ներկայացված ծրագրերին, նկատել է, որ գնահատման թերթիկում առկա էին բոլոր անհրաժեշտ չափորոշիչները՝ ընտրություն կատարելու համար։ «Միշտ հնարավորություն կա այդ չափորոշիչներն ընդարձակելու։ Կարծում եմ՝ լավ կլիներ նաեւ որեւէ ցուցիչ ընդգրկել՝ պարզելու համար, թե ծրագրերի իրականացման արդյունքում գյուղական համայնքների զբաղվածության ոլորտում ինչ փոփոխություններ կարձանագրվեն»,- նշել է Հայկ Գալստյանը։