Հասարակություն 

ԵՄ-ն հաստատել է Մոլդովայի համար առանց վիզայի ռեժիմը

Եվրամիության ներկայացուցիչներն ապրիլի 3-ին առանց վիզայի ռեժիմի մասին փաստաթուղթ են ստորագրել Մոլդովայի հետ։ Իրենց ստորագրություններն են դրել Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը և ԵՄ Խորհրդում նախագահող Հունաստանի ներկայացուցիչ՝ այդ երկրի արտաքին գործերի փոխնախարար Դիմիտրիս Կուրկուլասը, հաղորդում է zn.ua-ն:

 

Ինչպես հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում, կենսաչափական անձնագրեր ունեցող Մոլդովայի քաղաքացիների համար առանց վիզայի այցերը հասանելի կդառնան ապրիլի 28-ից: Արտաքին հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալստրեմը նշել է, որ վիզաների վերացումը մեծ ձեռքբերում է Մոլդովայի հետ հարաբերություններում և համագործակցության լավ օրինակ:

 

Մոլդովացիների համար վիզաների վերացման օգտին փետրվարին քվեարկել էր Եվրախորհրդարանը: Ավելի ուշ համապատասխան որոշումը հաստատել է ԵՄ Խորհուրդը:

 

Նոր օրենքներով՝ Եվրամիության երկրներում Մոլդովայի քաղաքացիներն առանց վիզայի կկարողանան գտնվել մինչև 90 օր 6 ամսվա ընթացքում: Ընդ որում՝ նրանք պետք է պատրաստ լինեն բացատրել իրենց այցի նպատակը և ապացուցել ԵՄ-ում գտնվելու համար անհրաժեշտ միջոցների առկայությունը, եթե նման պահանջներ պահանջի միգրացիոն ծառայության ներկայացուցիչը:

Նույն շարքից