Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը 2016-ի բյուջեի քննարկման ընթացքում հայտնեց կարծիք, որ Հայաստանն ունի անարդյունավետ տնտեսություն:
«Կիսում եմ իմ գործընկերների այն կարծիքը, որ ՀՀ տարածքը գրավիչ չէ ներդրումներ անելու համար: Ռեսուրսների արտահոսքն էլ տնտեսվարողների համար դարձել է սովորական գործընթաց: Ես անձնական օրինակով համոզվում եմ, որ ՀՀ տարածքում մի շարք ինձ ծանոթ մարդիկ պատրաստ են իրենց ռեսուրսները ՀՀ-ից դուրս տեղափոխել: Ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը, որպեսզի ՀՀ տնտեսական առօրյան դառնա գրավիչ»,- ասաց Գուրգեն Արսենյանը:
Այս հարցի շուրջ Արսենյանն ասաց, որ մարդկանց համար նախ պետք է լինի հստակ, չփոփոխվող հարկային ռեժիմ: Նա նաև առաջարկեց 5 տարով շահութահարկից ազատել թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին:
«Հայաստանի տնտեսությունը նմանվել է աֆրկյան երկրների տնտեսություններին: Միակ արտահանվող ապրանքները հանքահումքային ապրանքներն են և աշխատուժը: Այդ մարդիկ այլ երկրներում ստեղծում են արդյունք, որի դիմաց ստացած գումարների մի մասն էլ ուղարկում են Հայաստան, բայց փաստացի Հայաստանում որևէ նոր արդյունք դրանից չի ստեղծվում»,- ասաց Արսենյանը: