Հայաստան Քաղաքական 

Միայն թղթի համար ՀՀ-ում ոչ մեկ ներդրում չի անի. Ա. Մինասյան

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, 2016թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ բյուջեի այս փաթեթը վկայում է երկրի մակրոտնտեսական վիճակի անկայունության մասին:

«Այս վիճակն ազդում է սովորական մարդկանց գնողունակության անկման, ռեսուրսների անարդյունավետ օգտագործման, արտագաղթի տեմպերի աճի վրա»,- ասաց պատգամավորը:

Որպես ելք նա նշեց, որ նախ պետք է մեկ լեզվով, մեկ սկզբունքով քննարկում կազմակերպել, ինչը դեռևս չի ստացվում:

«Կառավարության առանձին անդամներ գովաբանում են ձեռնարկված գործողությունները, բայց հենց գալիս է արդյունքը ներկայացնելու պահը, տեսնում ենք, որ դրական բան չունենք: Ներդրումների հայեցակարգը փաստաթղթից պետք է կյանքի կոչել»,- նշեց Մինասյանը:

Ըստ նրա՝ որևէ ներդրող միայն այդ թղթի համար ներդրում չի կատարի ՀՀ-ում, նրանք պետք է տեսնեն կոնկրետ գործողություններ: Մինասյանը նաև կոչ արեց ընթացք չտալ ավանտյուրիստական առաջարկներին միայն այն բանի համար, որ իրենց չքննադատեն. «Եթե մենք իրար հետ չստեղծենք մի բազմակենտրոն, մրցունակ, պետության զարգացման միասնական հայեցակարգ, մենք դատապարտված ենք անընդհատ այսպես քննարկել, խոսել»:

Նույն շարքից