Հասարակություն 

Ուկրաինայի հայերի միությունը Քեսաբի հարցով դիմել է միջազգային հանրությանը

Ուկրաինայի հայ համայնքը դիմում է միջազգային հանրությանը՝ խիստ միջոցառումներ ձեռնարկելու և Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա իրականացված հարձակումը դատապարտելու կոչով։

 

Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net կայքը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ իրենք արդեն երկար ժամանակ է՝ հետևում են Սիրիայի իրադարձություններին և մշտական շփման մեջ են այդ երկրի հայ համայնքի հետ։

 

«Համաշխարհային հանրության աչքի առաջ Քեսաբում այժմ ողբերգություն է տեղի ունենում, որը մեզ հիշեցնում է այն, ինչ մենք արդեն վերապրել ենք մեր պատմության ավելի հին էջերում։ Մենք չենք կարող հաշտվել այդ անարդարության հետ»,- ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահը։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպություններին։

Քեսաբի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին։ Քեսաբում բնակվող հայերը տեղափոխվել էին Լաթաքիա, և այժմ նրանց մեծ մասը բնակվում է Լաթաքիայի հայկական եկեղեցու տարածքում։

Նույն շարքից