Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կառավարության կողմից օտարվելուց հետո շարունակելու է օգտագործվել նույն ուղղությամբ, որով այն օգտագործվել է մինչ այդ:
Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Քանի որ կա նաև հարակից տարածք, որը անմիջականորեն կապ չունի մարզահամերգային համալիրի հետ, կառավարությունը թույլ է տալիս հյուրանոցային համալիրի կառուցում, որում կլինեն կինոթատրոններ, ռեստորաններ, խանութներ, ժամանցի այլ վայրեր, փակ ջրային ատրակցիոն: Սահմանված է նաև ներդրումերի չափը, քանի որ ՀՀ կառավարությունը սահմանել է, որ Երևանում խաղատնային գործունեությամբ զբաղվելու իրավունք ունի այն կազմակերպությունը, որը կկատարի 100 միլիոն դոլարից ավելի ներդրումներ»,- ասաց Դավիթ Հարությունյանը: