ՀՀ Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին նրա հաղորդաշարի վերաբերյալ.
«Պարզաբանեք, խնդրում եմ, թե ինչպե՞ս ընդգրկվեցիք հեռուստավարող Հանրային հեռուստաընկերության հաղորդման մեջ, արդյոք տեղի է ունեցել մրցույթ և մրցութային կարգով եք ընդգրկվել, ինչպես կարող են պետական այլ պաշտոնյաներն էլ ընդգրկվել նման շոուների մեջ: Ասում են, որ ձեզանից ավելի տաղանդները շատ են և շատ սխալ է, որ ՀՀԿ-ն ձեզ է գործուղել այնտեղ»:
Պատասխանելով հարցին Արմեն Աշոտյանը նշեց, որ Փոստանջյանը մեկ շաբաթ ուշացել է, քանի որ իր հաղորդաշարի PR-ով մեկ այլ քաղաքական ուժ էր զբաղվում:
«Եթե որոշել եք այդ մարդկանց գործին խփել, խնդրեմ, ձեզ էլ օգնեմ, դուք էլ փորձեք այս ասպարեզում դրսևորվել: Ինչպես ասում են՝ դևը ձեզ ոչ թե բռնել է, այլ մտել է ձեզ մեջ այսօր, ֆորմի մեջ եք շատ»,- ասաց Ա.Աշոտյանը:
Զարուհի Փոստանջյանն իր հերթին արձագանքեց՝ ասելով, թե չի կարծում, որ կրթության և գիտության նախարարին պրոֆեսիոնալ առումով հարիր է նման աշխատանք վարելը: