Հասարակություն 

ԼՂՀ վերադարձված պայմանագրային զինծառայողը բուժզննում է անցնում Ստեփանակերտի հանրապետական կենտրոնում

Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին վերադարձված պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը բուժզննում է անցնում Ստեփանակերտի հանրապետական կենտրոնում: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: Նա նշեց, որ բուժզննումից հետո Անդրանիկը տուն կգնա:

Հարցին, թե իր տպավորությամբ ինչ վիճակում էր գտնվում պայմանագրային զինծառայողը, Վիկտոր Քոչարյանը պատասխանեց՝ «արտաքինից նորմալ, սակայն մնացածը ցույց կտա բուժզննումը»:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Գրիգորյանը սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն էր անցել։

Նա վերադարձվել է հայրենիք այսօր: Ղարաբաղյան կողմին Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ։

Նույն շարքից